Ինչի՞ մասին է ահազանգում սիրիահայի ֆալաֆելը. Փաշինյանի կատակն ու խոստումը գործարարներին

Նիկոլ Փաշինյանը սիրիահայ գործարարի հետ զրույցում հարկային բարեփոխումների որոշ գաղտնիքներ բացեց, իսկ զրույցի ավարտին հյուրասիրվեց ու կատակեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Սիրիահայ անհատ ձեռներեց Գևորգ Բեազբեկյանը Սիրիայից Հայաստան է ներգաղթել 6 տարի առաջ` ընտանիքով փախչելով պատերազմող Սիրիայից։

Հիշում է` երբ եկան, Հայաստան կինը հղի էր։ Երկրորդ զավակը ծնվեց Հայաստանում, երրորդն էլ` շուրջ մեկուկես տարի առաջ։

«Մենք Եվրոպա չգնացինք, հայրենիք եկանք, որ մեր երեխաները հայ մեծանան»,- ասում է Գևորգ Բեազբեկյանը։

Врио премьер-министра Никол Пашинян на Северном проспекте (17 октября 2018). Еревaн

Սիրիահայերի 5-հոգանոց ընտանիքն այսօր Երևանում վարձով է ապրում, եկամտի միակ աղբյուրը երեխաների նպաստն է ու սիրիական համեմունքների և քաղցրավենիքի վաճառքի փոքրիկ բիզնեսը։ Կինը պատրաստում է, ամուսինը` վաճառում։

«Մենք մուրացկան չենք, ողորմություն չենք խնդրում։ Մենք մեր աշխատանքին, մեր ձեռքերի ուժին ենք ապավինել միշտ։ Բայց այսօր վատ վիճակում ենք, երեխաների նպաստ ենք ստանում` 36 000 դրամ։ Եթե Սիրիայում այս գումարը մենք գուցե 2-3 ժամում ծախսեինք, այսօր այն մեզ համար նշանակություն ունի։ Ես ամիսը 80-100 հազար դրամի ապրանք եմ վաճառում։ Դրանով ո՞ր հարցերը հոգամ` տան վա՞րձը, կոմունալնե՞րը, երեխաների կարիքնե՞րը»,- ասում է անհատ ձեռներեցը։

Գևորգ Բեազբեկյանն այսօր կնոջ թխած խմորեղենը փորձում էր վաճառել Հյուսիսային պողոտայում կազմակերպված, Երևանի 2800-ամյակին նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական տոնավաճառում, որտեղ էլ հնարավորություն ունեցավ ոչ միայն իր ապրանքը, այլև խնդիրները ներկայացնել տոնավաճառ այցելած ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Միայն փողով. Փաշինյանը զբոսնեց Հյուսիսային պողոտայով ու կնոջ համար նվեր ստացավ

Սիրիահայ գործարարի խնդրանքը մեկն էր` 1-2 տարով հարկերից ազատել փոքր բիզնեսով զբաղվող սիրիահայերին, մինչև նրանք «կկարողանան ոտքի կանգնել»։

Ի պատասխան Փաշինյանը նախ ուղղեց զրուցակցին. «Դուք այլևս սիրիահայ չեք»։ Այնուհետև նա հայտնեց, որ կառավարության մշակած Հարկային նոր օրենսգիրքը նախատեսում է մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնեսին ազատել բոլոր տեսակի հարկերից։

Իսկ թե բիզնեսի որ տեսակները կներառվեն այդ արտոնյալների ցանկում, Փաշինյանի խոսքով, դեռ քննարկման փուլում է, և չի բացառվում, որ առևտրի ոլորտը դրանից դուրս մնա։

«Մեր նախկին փորձը ցույց է տալիս, որ հսկայական բիզնեսները 10-20 կտոր են անում, որպեսզի այդ շեմի տակ մտնեն։ Ենթադրենք` 240 մլն շրջանառություն ունեցողը 10 հատ 24 մլն-անոց բիզնեսներ է բացում ու խուսափում հարկերից»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հույս հայտնեց, որ հայաստանցի բիզնեսմենները կհասնեն գիտակցական այն մակարդակի, որ պատրաստ լինեն իրենց իրական շրջանառությունը ցույց տալ։

Իսկ զրույցի ավարտին վարչապետը չմերժեց սիրիահայ ձեռներեցի` սիրիական ֆալաֆել համտեսելու առաջարկը։ Բայց հենց այդ պահին, փողոցում ձայնային ազդանշան հնչեց։ «Հենց վերցրեցի, սիգնալիզացիան միացավ»,- կատակեց Փաշինյանն ու հեռացավ Գևորգ Բեազբեկյանի տաղավարից` նրան թողնելով իր բիզնեսի, խնդիրների ու վերջին կատակի տրամադրության հետ։