Շտապօգնության ավտոմեքենաները` հայ–չինական գործակցության ապացույց. նվերը «հանձնեց» դեսպանը

Հայաստանն այսօր վարչապետի պաշտոնակատարի մակարդակով ընդունեց Չինաստանի բարեկամական նվերը մեր երկրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է առանց նախապայմանների, անշահախնդիր է և իրական։ Այս մասին այսօր Չինաստանի կողմից Հայաստանին նվիրաբերած շտապօգնության մեքենաների ներկայացման ժամանակ ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն։

«Մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Համոզված եմ՝ Հայաստանն ու Չինաստանը կշարունակեն խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, հայ-չինական կապերը կլինեն շարունակական եւ ամուր»,- ասաց դեսպանը։

ՀՀ կառավարությունը չինական կողմի անհատույց նվերն ընդունել էր դեռ օգոստոսի 30-ին` 2018թ-ի մարտի 23-ին ստորագրված համաձայնագրի հիման վրա։

Չինաստանի դեսպանը նշեց, որ Հայաստանին է հատկացվել 200 ավտոմեքենա, ևս 88-ը հատկացվել էր 2011թ-ին։

Շտապօգնության ավտոմեքենաները զինված են նաև անհրաժեշտ ժամանակակից բուժտեխնիկայով։

Երևանում այսօր անցկացված հայ-չինական համագործակցության միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։