ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է քաղաքական մենաշնորհի հաստատման հանգեցնել։ Այս մասին նա հայտնել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարական տվեց։ Վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը կլուծարվի, եթե երկու անգամ կառավարության նոր ղեկավարի չընտրի։
«Մարտավարական առումով այդ պահվածքը հասկանալի է. հաջողության հասնել հիմա, երբ վայելում ես ժողովրդի սերը։ Ռազմավարական առումով խնդիրներ եմ տեսնում, այսինքն` որպես քաղաքական գործիչ` շահում ես, բայց որպես պետական գործիչ` պետք է մտածել` արժե՞ր արդյոք դա այսօր անել», — ասել է Քոչարյանը։
Նա կասկածով է խոսել այն մասին, որ էյֆորիայի պայմաններում հնարավոր կլինի իսկապես արժանի խորհրդարան ընտրել։ «Չեմ կարծում, թե պետության շահերի առումով ճիշտ է քաղաքական նոր մենաշնորհ ձևավորելը», — ավելացրել է Քոչարյանը։
Նրա խոսքով` ամբողջական իշխանությունը նաև ամբողջական պատասխանատվություն է։ «Իմ տեսակետն այն է, որ երբ ավարտվում է ինչ-որ մի փուլ, բոլորի համար դա որոշակի ռեստարթ է, այսինքն նոր իշխանություն է ձևավորվելու, որն արտացոլելու է հասարակության ընթացիկ տրամադրությունները, և այդ պահից իշխանությունը պետք է լիարժեք պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ կատարվում է երկրում», — ընդգծեց Քոչարյանը։
Նախկին նախագահի կարծիքով` դա կլինի «միակողմանի խորհրդարան, նոր քաղաքական մենաշնորհ»։
Ըստ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ԱԺ արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ-ի ցրվելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո:
Գործող խորհրդարանում 51 մանդատ ունի ՀՀԿ-ն, 31-ը` «Ծառուկյան» դաշինքը, 9-ը` «Ելք» խմբակցությունը, 7-ը` ՀՅԴ-ն։