Միայն փողով. Փաշինյանը զբոսնեց Հյուսիսային պողոտայով ու կնոջ համար նվեր ստացավ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հյուսիսային պողոտայում ծանոթացավ սիրիահայերի արվեստին ու ներկայացրած արտադրանքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հյուսիսային պողոտայում իրենց ձեռագործ աշխատանքներն ու թխվածքը ցուցադրող սիրիահայերն ամեն կերպ փորձում էին որևէ բան նվիրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական տոնավաճառը բացվել է այսօր առավոտյան։ Այն նվիրված է Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակին։ Փաշինյանի ծանոթացավ սիրիահայերի հետ և ուսումնասիրեց նրանց ներկայացրած ապրանքները։

Տաղավարներից մեկում ձեռագործ զարդեր վաճառող կինը մի նվեր տվեց Փաշինյանին` Աննա Հակոբյանին փոխանցելու համար։ Մյուս տաղավարի մոտ նրան թխվածք հյուրասիրեցին։ Ոմանք էլ նվերների զամբյուղներ էին պատրաստել, բայց Փաշինյանը հրաժարվեց առանց վճարելու վերցնել դրանք։

«Կվերցնեմ միայն այն դեպքում, եթե վճարեմ», — ասաց նա։

Փաշինյանը կանգ առավ բոլոր տաղավարների մոտ ու երկար զրուցեց տերերի հետ։ Հետաքրքրվեց` ինչով են զբաղվում, հարցրեց դժվարությունների մասին, խորհուրդներ տվեց ու գովեց նրանց` բնականաբար, չմոռանալով ավանդական սելֆիներ անել վաճառողների ու անցորդների հետ։

1 / 5
Նիկոլ Փաշինյանը Հյուսիսային պողոտայում
2 / 5
Նիկոլ Փաշինյանը Հյուսիսային պողոտայում
3 / 5
Նիկոլ Փաշինյանը Հյուսիսային պողոտայում
4 / 5
Նիկոլ Փաշինյանը Հյուսիսային պողոտայում
5 / 5
Նիկոլ Փաշինյանը Հյուսիսային պողոտայում

Վարչապետին ուղեկցում էին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանում Սիրիայի դեսպան Մուհամմադ Իբրահիմը։

Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսից 2018 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Հայաստան է եկել 23 հազար սիրիահայ, որոնցից 20 հազարը հիմնվել են այստեղ։ Սիրիայում հակամարտությունից առաջ Հալեպում մոտ 60 հազար սիրիահայ էր ապրում։