Աշխատելու շատ մեծ հնարավորություն կա, որը չի օգտագործվում. Փաշինյանը ներկայացրեց նախարարին

Վարչապետի պաշտոնակատարը վստահ է, որ խնդիրները չեն լուծվի, եթե չլինի կառավարություն-հասարակություն կապը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին: Վարչապետի պաշտոնակատարին ու նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին նախարարությունում ընդունեց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարականի մասին

Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի արդյունաբերությունը հիմա հասել է մի եզրի, երբ կա վտանգ, որ մեր գյուղատնտեսությունը չի կարող ապահովել այն հումքը, որն անհրաժեշտ է արտադրության ծավալի համար։

«Կրկին պետք է անդրադառնանք նրան, որ աղքատության խրախուսումից պետք է անցնել արտադրության խրախուսման: Օրինակ՝ Արարատի մարզում մեզ ասում էին, որ իրենք պատրաստ են եղել և պատրաստ են անսահմանափակ քանակությամբ մթերել ազնվամորի և այլն, և կան մարդիկ, որոնք գործընկերային հարաբերություններ են հաստատել գործարանների հետ և տարիներ շարունակ աշխատում են այդ գործարանների հետ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով`եթե մարդիկ տարիներով համագործակցում են, ուրեմն գործունեության այդ տեսակը շահութաբեր է:

«Կա աշխատելու շատ մեծ հնարավորություն, որը չի օգտագործվում, այո, երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական պրոբլեմներ, սակայն պետք է դուրս գալ այն մտածելակերպից, թե կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրները, այո, պետք է լուծի, սակայն դրանք չեն լուծվի, եթե չկա կառավարություն-հասարակություն կապը»:

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և դաշնակցական նախարարներին ու մարզպետներին։

Նոր նախարարի նշանակման հրամանագիրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հոկտեմբերի 16-ին։