Փաշինյանը սենսացիա չի տեսնում. ՀՀԿ–ն էլ կարող է պաշտոններ ստանալ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ առաջիկայում նոր «բացասական արձագանքի արժանի» նշանակումներ կլինեն, հնարավոր է նաև` ՀՀԿ անդամների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղյակ է, որ երեկ սյունեցիները դժգոհություն են հայտնել նոր մարզպետ Հունան Պողոսյանի նշանակման դեմ, այլև ինքն է հավելում` բողոքողները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն էին։

Այս փաստը Նիկոլ Փաշինյանը նորմալ է ընդունում։ Նա այս մասին այսօր հայտարարեց լրագրողների հետ զրույցում։

«Որևէ նշանակում չի եղել, որ բացասական արձագանքի չարժանանա։ Մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով է, մյուս բոյով է, մյուսն այնքան էլ բոլով չէ։ Այսինքն` անթերի մարդիկ ՀՀ-ում չկան։ Եվ անթերի նշանակումներ չեն լինում»,- ասաց նա։

Խոսակցություններին, թե նորանշանակ պաշտոնյաներից ոմանք նախկինում ինչ-որ ապօրինություններ են արել, Փաշինյանն այսպես արձագանքեց. «Ով ինչ արել է, իր արածի համար պատասխան կտա, կապ չունի` նա պաշտոնյա է, թե ոչ։ Անցել են այդ ժամանակները, երբ պաշտոնյա լինելն արտոնություն էր»։

Գորիսում ճանապարհ են փակել. մարդիկ դեմ են նոր մարզպետի նշանակմանը. տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` Հայաստանն այսօր նոր փուլ է մտնում։

«Կա բարիկադներ կառուցելու և կա բարիկադները ապամոնտաժելու ժամանակը։ Մենք հիմա մտել ենք բարիկադներն ապամոնտաժելու փուլ։ Այստեղ Հունան Պողոսյանի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է։ Եվ այդ քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների չենք բաժանելու»,- ասաց նա։ ։

Փաշինյանը տեսականորեն չբացառեց, որ առաջիկայում նույնիսկ ՀՀԿ անդամներ կարող են լինել կառավարությունում, հիշեցրեց, որ այսօր էլ կան. մի քանի հանրապետական փոխնախարարների ինքն անձամբ է նշանակել այդ պաշտոններում։

Նա խոսեց նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին` ասելով, որ ՔՊ-ն արտահերթ ընտրություններին կմասնակցի կա՛մ առանձին, կա՛մ, ինչպես Երևանի ավագանու ընտրություններում, «Իմ քայլը» դաշինքի ֆորմատով։ Ու թեև այս հարցը վերջնականապես դեռ որոշված չէ, բայց «Լուսավոր Հայաստանն» այդ դաշինքում, ամենայն հավանականությամբ, չի լինի։