Աբովյանի հանրակացարանում հրդեհ է բռնկել. կան տուժածներ

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տարհանել են 60 բնակչի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 16-ին, ժամը 19:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում թիվ 1 հանրակացարանից տարհանել են 60 բնակչի, որոնցից Ա. Ա.-ն (1954 թ.), Գ. Մ.-ն (1936 թ.) և Ա. Մ.-ն (1937 թ.) հոսպիտալացվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից Ա. Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»: Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Ա.-ի և Գ. Մ.-ի առողջական վիճակը՝ բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:34-ին, մարվել՝ 21:00-ին:

Այրվել են թիվ 62 բնակարանը՝ ամբողջությամբ (մոտ 15 քմ) և նույն հարկում գտնվող 7 բնակարանների դռներ: