Հոկտեմբերի 22–ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Արա Բաբլոյանն ԱԺ արտահերթ նիստ գումարելու որոշում է կայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ` հոկտեմբերի 22-ին, ժամը 11։00-ին խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին հայտնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը։

Հայաստանի կառավարությունը կրկին ճնշում կգործադրի՞ ԱԺ–ի վրա. փոխվարչապետի պատասխանը

Արտահերթ նիստի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է։ Այս մասին որոշումն ընդունվել էր կառավարության` հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում։

Արտահերթ նիստի օրակարգում ներառվել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Հիշեցնենք` երեկ կառավարության նիստում, ներկայացնելով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել էր` նոր օրենքով նախատեսվում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենալու է իր քվեաթերթիկը, որն ընտրելով, ընտրողն այն պետք է դնի ծրարի մեջ ու գցի քվեատուփը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ սրանով ավարտվում է գունավոր գրիչներով ընտրություններ կազմակերպելու գործընթացը։

Նախագիծը նաև սահմանում է, որ նորընտիր ԱԺ-ում կայուն մեծամասնություն է համարվելու այն ուժը, որը կունենա առնվազն 54% ձայն։ Իսկ ընդդիմությունը պետք է լինի առնվազն 1/3-ը։ Խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն 4 քաղաքական ուժ։