Մեծ է հավանականությունը, որ առաջադրվեմ՝ չընտրվելու կանխավարկածով. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 Հոկտեմբեր — Sputnik. Հանրապետության վարչապետն ընդունել է ԱԺ «Ելք» խմբակցության անդամներին՝ Լենա Նազարյանին, Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին և Հայկ Կոնջորյանին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարականի մասին

Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այս ընթացքում, նաև որոշակի իրավական գործընթացներ ապահովելու, համար անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում:

Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաև այդպիսին,  որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն, իհարկե չընտրվելու կանխավարկածով:

Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, և իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք: Չնայած այս ընթացքում անընդհատ շփման մեջ ենք եղել, նաև  ճգնաժամի պահին, բայց ևս մեկ անգամ հանդիպել, քննարկելու առիթը շատ հաճելի է, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք հրավերին»:

Իր հերթին, Արամ Սարգսյանն ասել է, որ  այս խնդրում միանշանակ կողմնակից են իրավական ճիշտ լուծումների:  Նա նաև հավաստել է, որ իրավաբանների առաջարկած ցանկացած մոտեցում, ինչը ձեռնտու կլինի վարչապետին, մեզ միանշանակ ձեռնտու է իրենց: