Հայաստանում ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել

Դատարանը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալին պատժից վաղաժամկետ պայմանական ազատելու վճիռ է կայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այսօր ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանը պայմանական վաղաժամ ազատվել է պատժի հետագա կրումից։

Ցմահ դատապարտվածին վիրահատեցին միայն ՄԻՊ–ի միջամտությունից հետո

Այս տեղեկությունը հատկանշական է նրանով, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է, որ ցմահ ազատազրկված անձն ազատ է արձակվում։ Առաջին անգամ է նաև, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը դրական եզրակացություն է ներկայացնում դատարան։

Ինչպես հայտնում  է hetq.am–ը, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը, որտեղ պատիժ էր կրում Օգանեսյանը, նրան ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության մեջ նշել է. «Դատապարտյալ Կարեն Վալերիի Օգանեսյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, դատապարտյալը կանգնել է ուղղման ճանապարհին, ուստի վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար է»:

Օգանեսյանը հանդիսացել է Հայաստանի քաղաքացի, 1990-ականներին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ՝ մշտական բնակության և այնտեղ էլ դատապարտվել ցմահ ազատազրկման։

1996 թվականի հունիսի 1-ի երեկոյան աշխատանքն ավատելուց հետո Օգանեսյանն ընկերոջ հետ մեքենայով գնացել է ընկերուհու տուն: Փողոցում զրուցելիս նրանք նկատել են, որ բեռնատար մի մեքենա շրջվում է իրենց ուղղությամբ: Մեքենան կայանել է, դուրս է եկել վարորդը, որը, գոռալով «Սպիտակ ցանկապատ», ինչը լատինամերիկյան հանցավոր խմբավորման անվանում է, մոտեցել է իրենց: Կարեն Օգանեսյանի ընկերը, ի պատասխան, տվել է հայկական հանցավոր խմբի անվանումը՝ «Հայկական ուժ»: Բեռնատարի վարորդի ու ուղևորի և երկու հայ ընկերների միջև կռիվ է սկսվել, որն ավարտվել է երկու օտարերկրացիների սպանությամբ։

1996-ից մինչև 2009-ի հոկտեմբեր ամիսը Օգանեսյանը պատիժը կրել է ԱՄՆ-ում, իսկ 2009 թվականին տեղափոխվել է Հայաստան:

Վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: