Հնարավորինս կաջակցենք Հայաստանին արտահերթ ընտրությունների հարցում. ԵՄ դեսպան

Փաշինյանը պետք է հրաժարական տա հոկտեմբերի 16–ին, իսկ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերի սկզբին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Եվրամիությունը հնարավորինս կաջակցի Հայաստանի իշխանություններին արտահերթ ընտրությունների հարցում։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Մենք աջակցում ենք Հայաստանին ընտրությունների հարցում, որոնք, ինչպես հասկանում ենք, բավական արագ կկայանան։ Մեզ համար գլխավորը քաղաքացիների ազատ կամքի արտահայտումն է», – հայտարարեց Սվիտալսկին։

Բոզոյան. «Ընտրությունների հետևանքով որևէ էական փոփոխություն քաղաքական սցենարում չի լինի»

Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի սկզբին։ Դրա համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է նրա մամուլի քարտուղար Արման Եղոյանը, դա տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 16–ին։

Այդ դեպքում ընտրությունները կարող են կայանալ մինչև տարեվերջ։

Հունիսին, խորհրդարանում ներկայացնելով կառավարության ծրագիրը, Փաշինյանը հայտարարել է, որ նրա նպատակը տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է։ Դրա համար նա առաջարկել էր քննարկումներ անցկացնել քաղաքական ուժերի հետ։ Բայց այնուհետև քննարկումները դադարեցվել են, իսկ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ճգնաժամ է ստեղծում, որովհետև դեռ մեծամասնություն է կազմում խորհրդարանում։ Հոկտեմբերի 2-ին ԱԺ–ի մոտ տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որից հետո ՀՀԿ–ն համաձայնել է գնալ արտահերթ ընտրությունների։