Նոր ընտրությունները կանցնեն առանց գունավոր գրիչների

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Քվեարկությունը նոր օրենսգրքում կիրականացվի առանց գրիչի։ Այսօր կառավարության արտահերթ նիստում, ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սրանով վերանում է նաև կարմիր, կանաչ, սև գրիչների պատմությունը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը խոստացավ հայտարարություն անել

Բանն այն է, որ նոր օրենսգրքով առաջարկվում է քվեարկությունն իրականացնել ոչ թե գրիչով դրա վրա նշան անելով, այլ հենց քվեաթերթիկն ընտրելով։

Ինչպես ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենալու է իր քվեաթերթիկը, որն ընտրելով, ընտրողն այն պետք է դնի ծրարի մեջ ու գցի քվեատուփը։

Ընդ որում, ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանը՝ «այդ քվեաթերթիկներն առանց ծրարի ու կնիքի ոչ մի իրավական ուժ չունեն»։

Նախագիծը նաև սահմանում է, որ նորընտիր ԱԺ-ում կայուն մեծամասնություն է համարվելու այն ուժը, որը կունենա առնվազն 54% ձայն։ Իսկ ընդդիմությունը պետք է լինի առնվազն 1/3-ը։ Խորհրդարանում պետք է ներկայացված լինի  առնվազն 4 քաղաքական ուժ։

Օրինագիծն ընդունելու համար կառավարությունն առաջարկեց հոկտեմբերի 22-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ։

Արտահերթ նիստի օրակարգում բացի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից կառավարությունն առաջարկում է ներառել նաև «Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։