Վանեցյանի քավորն ու բաջանաղը նախարարներ են նշանակվել. պատահակա՞ն համընկնումներ. «Ժամանակ»

Օրաթերթի տվյալներով` ֆելիքս Ցոլակյանի և Գարեգին Բաղրամյանի նշանակումը կապված է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, այսպես կոչված՝ քենակալը: Հենց այս հանգամանքն է վճռորոշ եղել նրա՝ սկզբում փոխնախարար, ապա և նախարար նշանակվելու հարցում:

Վանեցյանի և Խաչատրյանի խոսակցության «գաղտնիքը» կպարզի քննչական խումբը

Բաղրամյանը ոչ մի կապ չունի էներգետիկայի հետ, նա վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում և ըստ որոշ տեղեկությունների՝ եղել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի «նալոգ» հավաքողը:

Դրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ նախարար Բաղրամյանը կտրուկ դեմ է արտահայտվում գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավորությանը. չի կարող, չէ՞, մարդը հակադրվել իր շեֆին, թեկուզ նախկին, ում հավատարմորեն ծառայել է 15 տարի:

Հավելենք, որ նոր կառավարությունում Վանեցյանը երկու հովանավորյալ ունի. արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ Վանեցյանի քավորն է և իր նշանակման համար պարտական է հենց այդ կապին:

Չնայած նոր իշխանությունները կարող են պնդել, որ Հայաստանում կոռուպցիան, հովանավորչությունը, բաջանաղությունն ու քավոր-սանիկությունը վերացել են: Սրանք զուտ պատահական համընկնումներ են»: