Հայաստան– Ջիբրալթար հանդիպումը` սև թուղթ. ՀՖՖ նախագահն անդրադարձել է անհաջող խաղին

Հայաստան– Ջիբրալթար ֆուտբոլային հանդիպմանը սխալ հիմն միացրած աշխատակիցը կպատժվի։ ՀՖՖ նախագահն այսօր պատմել է, թե ինչ զայրացած է եղել խաղից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. «Ջիբրալթարի խաղը ոնց որ սև թուղթ լիներ»։ Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան– Ջիբրալթար ֆուտբոլային հանդիպմանը, ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։

Ոստիկանների և երկրպագուների միջև բախում չի եղել. FAF-ի և Red Eagles-ի հայտարարությունները

«Պարտվեցինք բավական չէր, սխալ հիմնը միացրեցին` երկու, ՖԱՖ-ն ու Red Eagles-ը իրար ծեծեցին, շշեր նետեցին դաշտ։ Ինչ վատ բան կար, այդ օրը եղավ»,– ասաց Վանեցյանը` հավելելով, որ այս բոլոր միջադեպերի հիման վրա ֆեդերացիան մշակելու է նոր անվտանգության հայեցակարգ։

Այսօրվա հանդիպմանը մարզադաշտում արդեն հատուկ անվտանգության համակարգ է գործելու։

Ինչ վերաբերում է Ջիբրալթարի փոխարեն Լիխտեյնշտեյնի հիմնը միացնելուն, Արթուր Վանեցյանը հայտնեց, որ այդ աշխատակիցը կենթարկվի պատասխանատվության։

«Երեկ շատ զայրացած ասել եմ` աշխատանքից ազատեք այդ մարդուն։ Բայց դե, տարիքով մարդ է, 18 տարվա աշխատող, հիմա եթե ազատենք աշխատանքից, ճիշտ չի լինի»,– ասաց Վանեցյանը։

Իսկ իր` ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու մասին Արթուր Վանեցյանն ասաց, որ այդ մասին երբեք չի երազել, այլ դարձել է հանգամանքների բերումով, ստիպված։ Թե ինչ հանգամանքների, խոստացավ հայտնել մեկ ուրիշ անգամ։