Վանեցյան. «Ցոլակյանին ես շատ հարգում եմ որպես մարդ, պետական գործիչ, բայց նա իմ քավորը չէ»

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձել է իր բարեկամներին պաշտոններ շռայլելու մասին մամուլում առկա տեղեկություններին։ Նա նաև հայտնել է` նորանշանակ պաշտոնյաներից ով է իր բարեկամը, ով` ոչ։
Sputnik
Արթուր Վանեցյան

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանն ԱԱԾ տնօրենի քենակալն է (բաջանաղ)։ Մամուլում շրջանառող լուրերն այսօր անձամբ հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` լրագրողների հետ զրույցում։

Վանեցյանը հիշեցրեց, որ Բաղրամյանն իր գործունեությունը սկսել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջատար մասնագետի, վարչության պետի պաշտոնից, որից հետո նշանակվել է էներգետիկայի փոխնախարար։

Վանեցյանի քավորն ու բաջանաղը նախարարներ են նշանակվել. պատահակա՞ն համընկնումներ. «Ժամանակ»

Հարցին, թե ինքն է միջնորդել, որ իր քենակալը նշանակվի նախարար Վանեցյանը ժխտական պատասխան տվեց` նշելով, որ նման լիազորություններ չունի։

Իսկ լուրերը, թե ԱԻՆ նախարար նշանակված ԱԱԾ նախկին փոխտնօրեն Ֆելիքս Ցոլակյանն իր կնքահայրն է, ԱԱԾ պետն ապատեղեկատվություն որակեց։

Արթուր Վանեցյանը շեշտեց, որ երբ ինքը նոր էր մտել այդ համակարգ աշխատելու, Ցոլակյանն արդեն բարձրաստիճան պաշտոնյա էր։

«Ցոլակյանին ես շատ հարգում եմ որպես մարդ, որպես պետական գործիչ, բայց նա իմ քավորը չէ։ Իմ քավորը սովորական մարդ է, անունը` Վարդան, ազգանունը` Կուլիջանյան»,– ասաց Վանեցյանը։

Նոր նշանակումներն իր անվան հետ կապելը Վանեցյանը նորաձևություն է որակում։ Ըստ նրա, վերջին շրջանում շատ նորաձև է դարձել ցանկացած հոդվածում գրել իր անունն ու դրանից սենսացիա ստեղծել։