Դա բոլոր դարդերի դարմանը չէ. ինչ դիրքորոշում ունի ՀՅԴ–ն արտահերթ ընտրությունների հարցում

Դաշնակցությունում վստահ են, որ արտահերթ ընտրություններից հետո խնդիրները ոչ միայն չեն վերանա, այլև կավելանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Պետք չէ հասարակության շրջանում պատրանք ստեղծել, թե արտահերթ ընտրությունները երջանկություն և բարգավաճում կբերեն։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Հնարավորինս կաջակցենք Հայաստանին արտահերթ ընտրությունների հարցում. ԵՄ դեսպան

Դաշնակցությունը նախկինի պես համոզված է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է կայանան մեկ տարի անց։ Ռուստամյանի խոսքով` դա պատահական նկարված ամսաթիվ չէ։

«Այդ ընթացքում պետք էր, առաջին հերթին, փոխել Ընտրական օրենսգիրքը։ Երկրորդ` ոստիկանությունը վերադարձնել կառավարության կազմ (ՆԳՆ-ի տեսքով` խմբ.)։ Այդ ամենը կպահանջեր մոտ մեկ տարի։ Ընտրական օրենսգիրքը նոյեմբերին արմատապես փոխելը, իսկ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելը նորմալ չէ։ Եվ պետք չէ այդ ընտրությունները ներկայացնել որպես բոլոր դարդերի դարման։ Նույնիսկ եթե ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին, ապա խնդիրները չեն վերանա, միայն կշատանան», — ասաց Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել իր հրաժարականի մասին կառավարության այսօրվա արտահերթ նիստում։ Նա ասել է, որ երեկոյան հանդես կգա հայտարարությամբ։

Ավելի վաղ նա հայտարարել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին, որոնց համար էլ պետք է վարչապետի հրաժարականը։