Նոր մարզպետները նշանակված են. ովքե՞ր են նրանք

ՀՀ կառավարությունը հաստատեց մարզպետների նշանակումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվեց Դավիթ Գևորգյանը: Նա Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալն էր: Նրան ներկայացնելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նա ակտիվ մասնակցություն է ունեցել թավշյա հեղափոխությանը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ` Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվեց Համբարձում Մաթևոսյանը: Վերջինս անկուսակցական է, կամ ինչպես վարչապետը ներկայացրեց՝ քաղաքական չեզոք գործիչ է։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարը հրաժարական է տվել

Իսկ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվեց ՀՀ ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ով հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին: Այս նշանակման մասին խոսելով` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ և որևէ տարբերակում չի լինելու նախկինների ու ներկաների միջև։ «Մեր կառավարման համակարգը 90%-ով մնացել է նույնը։ Սա չի նշանակում, որ այդ այս համակարգում չեն լինելու փոփոխություններ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարման համակարգում կան անձինք, ովքեր պրոֆեսիոնալ են և պետք է շարունակեն աշխատել, բայց և կան այնպիսիք, որ իրենք չեն աշխատում, մյուսներին էլ խոչընդոտում են։

«Պետական համակարգում այսօր կան սաբոտաժի նմանվող երևույթներ»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանելով 3 մարզպետների նշանակումները` Փաշինյանը շեշտեց, որ նրանց տարբերությունները վկայում են կառավարության կադրային քաղաքականության մեջ հավասարության սկզբունքի կիրառման մասին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և դաշնակցական նախարարներին ու մարզպետներին։