Խոստացված բարեփոխումները կուշանան. Դավիթ Անանյանը խոսել է ուշացման պատճառի մասին

Կառավարության ու վարչապետի` եկամտահարկը նվազեցնելու մասին խոստումը կիրականացվի ավելի ուշ, քան հայտարարվել էր։ Հարկային փոփոխությունները կուշանան կես տարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Եկամտահարկը Հայաստանում կնվազի, բայց հնարավոր է` ոչ հունվարի 1-ից։ Այս մասին այսօր, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Քաղաքական գործընթացներն այնպիսի սրընթաց փոփոխությունների հանգեցրին, որ հնարավոր է` մենք հունվարի 1-ից եկամտահարկի փոփոխություն չունենանք, այլ ունենանք, ասենք, մայիսից կամ հուլիսից: Բայց եկամտային հարկի, ընդհանրապես հարկային բեռի նվազեցման հետ կապված կառավարության դիրքորոշումը հստակ է, պարզապես ժամկետների խնդիր կա»,- ասաց Անանյանը` մտավախություն հայտնելով, որ ԱԺ-ն ցրելու և արտահերթ ընտրությունների սպասվող իրադարձությունների ֆոնին խորհրդարանն ուղղակի չի հասցնի մինչև 2019թ-ը հաստատել հարկային օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխությունները:

Հիշեցնենք` կառավարությունն առաջարկել էր 2019թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ դնել Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որով ՀՀ բոլոր աշխատողների համար նախատեսվում է սահմանել 23% եկամտահարկ՝ անկախ աշխատավարձի չափից։

Նշենք, որ գործող Հարկային օրենսգրքով այժմ մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողները վճարում են` 23, 150 000-2 000 000 դրամ ստացողները՝ 28, իսկ 2 միլիոնից բարձր ստացողները` 36% եկամտահարկ։