«Երեքի դաշինքի» փոխարեն պետք է «մեկի դաշինք» լինի. կարծում է Փաշինյանի թիմակիցը

Նա կարծում է, որ դաշնակիցներին պետք է ընտրել ըստ ունակությունների, ոչ թե «մերոնքական – ձերոնքական» սկզբունքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Ավելի ճիշտ է առաջիկա խորհրդարանական ընտրությունների գնալ «Իմ քայլը» դաշինքով։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

Նրա կարծիքով` «Քաղաքացիական պայմանագիրն» առաջիկա ընտրություններին պետք է մասնակցի «Իմ քայլը» դաշինքի շրջանակում։ Նա ընդգծեց, որ դա իր անձնական կարծիքն է, ու կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել։

Հիշեցնենք` «Ելք» դաշինքը, որը խորհրդարան էր անցել 2017 թվականին, կազմված է երեք կուսակցությունից` «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան»։

Սիմոնյանն ավելացրեց, որ չգիտի` այլ կուսակցություններ դիմել են դաշինքին միանալու համար, թե ոչ։ «Ամենակարևորը կուսակցական ճամբարը չէ, այլ մարդու գիտելիքներն ու ունակությունները։ Պետք է ընտրել ըստ ունակությունների, այլ ոչ թե «մերոնքական» ու «ձերոնքական» սկզբունքով», — ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` Ընտրական նոր օրենսգիրքը պետք է կուսակցություններին նոր հնարավորություններ ընձեռի. խորհրդարան անցնելու շեմը պետք է 5%-ի փոխարեն լինի 4%` կուսակցությունների համար, 7% —ի փոխարեն 6%` քաղաքական դաշինքների համար։ Խորհրդարանում պետք է լինեն առնվազն չորս, ոչ թե երեք կուսակցություն։ Ու վերջապես, ըստ Սիմոնյանի, ընտրությունների մասնակիցներից պետք է ավելի քիչ գրավ պահանջեն։

Նա ավելացրեց, որ այս ամենը հարկավոր է քաղաքական ուժերին օգնելու համար, ինչին ամեն կերպ խանգարում էր նախկին իշխանությունը։