«Մայրս լավ է, արդեն տանն է». Արարատ Միրզոյանը հակադարձում է

Փոխվարչապետն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 Հոկտեմբեր — Sputnik. Քանի ամիս է՝ փորձում եմ հնարավորինս անտեսել իմ և իմ ընտանիքի մասին «մամուլով» պարբերաբար տարածվող էժանագին զրպարտությունները և հերյուրանքները: Այս մասին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Նախ՝ մայրս թունավորվել է սովորական աջիկայից, ոչ թե սև խավիարից։ Երկրորդ՝ միակ պետական մեքենան, որը այդ առիթով հայտնվել է այդ հիվանդանոցի մոտ, եղել է իմ ծառայողականը. երկու անգամ ընդմիջմանս ընթացքում, մեկ անգամ էլ աշխատանքից հետո այցելել եմ մորս։ Հուսամ՝ սենց դեպքերի համար անթույլատրելի ճոխություն չեք համարի։ Ավելորդ է ասել, որ որևէ ճնշում որևէ բժշկի նկատմամբ չի գործադրվել»,- տեղեկացրել է փոխվարչապետը։

Գրության վերջում Միրզոյանը տեղեկացրել է, որ դատական հայց չի ներկայացնելու, քանի որ ժամանակ չունի և չի ուզում մամուլի ազատությունը սահմանափակել։

«Մայրս լավ է, արդեն տանն է»,- մամուլի կոնկրետ ներկայացուցիչների ընտանիքներին առողջություն մաղթելուց հետո եզրափակել է փոխվարչապետը։

Տեղեկացնենք, որ կայքերից մեկը տեղեկատվություն էր տարածել, որ ըստ ականատեսների՝ Էրեբունի հիվանդանոցի շենքը պաշարվել է պետական բազմաթիվ ավտոմեքենաներով, «տոկի» են տվել բժիշկներին, հիվանդանոցը խառնել իրար ու իբր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ է խառնվել Արարատ Միրզոյանի մայրիկի բուժմանը։