Փորձել է հանգստացնել վիճողներին, իրեն են մեխով վիրավորել. հարուցվել է քրեական գործ

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել են տուժածի հագին դեպքի պահին եղած հագուստները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Նոր Արեշում 23–ամյա երիտասարդը փորձել է հանդարտեցնել հարևանների վիճաբանությունը, ինչի արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, քննություն է տարվում՝ պարզելու դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Մնացին առանց «ղեկավարի» ու սկսեցին իրար կրակել. աղմկահարույց սպանությունները Հայաստանում

Այսպես` 2018թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 12:40-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «աջ պտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերք, աջակողմյան պնեմոհեմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995 թվականին ծնված Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Նոր Արեշում հարևանների միջև, փողոցը փակելու հարցի շուրջ, տեղի է ունեցել վիճաբանություն:

Քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը 1980 թվականին ծնված Երևան քաղաքի բնակիչ է։ Վերջինս ձերբակալվել է և որպես կասկածյալ հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 23-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքն ստացել է նշված վիճաբանությանը միջամտելու ժամանակ: Մասնավորապես՝ երիտասարդը փորձել է հանդարտեցնել վիճաբանողներին, սակայն ենթադրյալ հանցագործություն կատարած անձն այգուց վերցրել է 10սմ երկարությամբ մեխ և դրանով մեկ անգամ հարվածել 23-ամյա երիտասարդի կրծքավանդակի աջ հատվածին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել են տուժածի հագին դեպքի պահին եղած հագուստները: 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վիճաբանության մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։