«Յար, արի Գյումրի»․ ի՞նչ է գրել Ֆրունզիկը Կիկաբիձեին ուղղված հուզիչ նամակում

Վիկտորյա Մակսոևայի ու Գարիկ Աբելյանի «Յար, արի Գյումրի» նոր հայ-վրացական ֆիլմը շուտով կհայտնվի հեռուստաէկրաններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Գունագեղ կոլորիտ, հետաքրքիր սիրո պատմություն ու մեծ հայ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի հուզիչ ուղերձը վրացական կինոյի լեգենդ Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեին։ Ահա սրանք են «Յար,  արի Գյումրի» ֆիլմի հիմնական սյուժետային գծերը։ Հերոսներից մեկը հենց ինքը՝ Վախթանգ Կիկաբիձեն է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ագորա-Ջորջիա» կազմակերպության ղեկավար, սցենարի հեղինակ, ռեժիսոր, ֆիլմի պրոդյուսեր Վիկտորյա Մակսոևան։

Виктория Максоева

«Յար, արի Գյումրին» պատմում է Հայաստանի երկրորդ քաղաք՝ Գյումրիի մասին։ Վերջերս այստեղ կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը։ Ֆիլմի պրեմիերան կկայանա Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքով։

«Շատ հուզիչ է ստացվել Վախթանգ Կիկաբիձեի սյուժետային գիծը։ Դերասանը, իհարկե, հիշում է իր հայ ընկերոջը՝ Ֆրունզիկին։ Ֆիլմում նա մի քանի պատմություն է պատմում այն մասին՝ ինչպես էր Մկրտչյանը Թբիլիսի գնում», — ասաց Մակսոևան։

Մակսոևան ընդգծում է, որ ֆիլմի նկարահանման ժամանակ, երբ Կիկաբիձեն Մկրտչյանի մասին էր պատմում, նրա աչքերը հատուկ լույսով ու սիրով էին փայլում։

«Այդ վրացի ու հայ դերասանների ընկերությունն անհաղթ է, այն հավերժ կմնա։ Ֆիլմում Կիկաբիձեն ինձ Մկրտչյանի հետ կապված մի բան է խնդրում ու ես Գյումրի եմ մեկնում», — պատմում է Մակսոևան։

Թե ինչու Փափազյանը նկատողություն արեց Ֆրունզին

Նա նշեց, որ կատարել է դերասանի խնդրանքն ու նրա համար Գյումրիից Թբիլիսի է բերել վաղուց կյանքից հեռացած Մհեր Մկրտչյանի նամակը։ Ըստ սյուժեի, Ֆրունզիկն իր մահանալուց շատ շուտ նամակ է գրած լինում Վախթանգին։ Տարիներ անց Կիկաբիձեն ստանում է հավատարիմ ընկերոջ գրությունը, որում գրված է․ «երբ տխրես, պարզապես նայիր ու ժպտա, քո Ֆրունզ»։

Մակսոևան ընդգծեց, որ առաջին հերթին այդ ֆիլմում ուզում էր ցույց տալ Գյումրին այլ ռակուրսից, արտացոլել ողջ կոլորիտը, փոխանցել քաղաքի էներգետիկան։ Նա վաղուց էր պլանավորում նկարահանել, քանի որ նրան Գյումրու հետ ընտանեկան պատմություն է կապում։ Վիկտորյայի տատը՝ Արշալույս Հակոբյանը Ցեղասպանությունից հետո Ալեքսանդրապոլ է փախել։ Հետագայում նրա զարմիկը գտել է նրան քաղաքի մանկատներից մեկում ու Թբիլիսի է բերել։ Հենց դա է դարձել քաղաքի կոլորիտի մասին պատմելու առիթներից մեկը։

«Գյումրին ներկայացված է քաղաքում առանց ողբերգական նոտաների, այն երգիծական տեսակետից է ներկայացված։ Այստեղ միահյուսվում են սիրո պատմությունը, վավերագրական կադրերն ու ֆանտաստիկայի տարրերը», — ասաց Մակսոևան։

Կիկաբիձեից բացի ֆիլմում նկարահանվել է դերասան Էմիլ Գալստյանը, դերասանուհիներ Իրինա ու Քսենյա Չերնյավիխները։ Բեմադրող օպերատորը Գարիկ Աբելյանն է։ Ֆիլմը 49 րոպե է տևում։

Գարիկ Աբելյանի ու Վիկտորյա Մակսոևայի համագործակցությունը սկսվել է դեռ 2016 թվականին, երբ Վիկան Երևան էր եկել «Մերոնք մերոնց մոտ» ֆիլմի նկարահանմանը, որը պատմում է Երևանում բնակվող վրացիների մասին։

Նրանց համատեղ ջանքերով ու տարբեր ընկերությունների և պետական կառույցների աջակցությամբ կարճ ժամանակահատվածում նկարահանվել են «Երևան-Բաթում. բարեկամության ճանապարհ», «Հավերժության արտացոլում» և այլ ֆիլմեր։