Ստամբուլի փողոցներից մեկն այսուհետ կկրի Հրանտ Դինքի անունը

Փողոցների զանգվածային վերանվանումների նախագիծը ներկայացվել է Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող գյուլենական կրոնական համայնքի հետ ասոցացվելու պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Ստամբուլի փողոցներից մեկն այսուհետ կկրի հայազգի հրապարակախոս Հրանտ Դինքնի անունը։

Ինչպես տեղեկացնում է «Ակօս» պարբերականը, այդ փողոցը հայաշատ Շիշլի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցն է:

Հայը Թուրքիայում սպա լինել չի կարող, կամ Հրանտ Դինքի միակ իրավունքը

Ստամբուլի մի շարք վարչական շրջանների ղեկավարությունների կողմից փողոցների անվանափոխության վերաբերյալ առաջարկված նախագծի շրջանակում անվանափոխվել է շուրջ 90 փողոց:

Նախագծին կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունների անդամները:

Ինչպես նշվում է, փողոցների զանգվածային վերանվանումների նախագիծը ներկայացվել է Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող գյուլենական կրոնական համայնքի հետ ասոցացվելու պատճառով:

Հիշեցնենք, որ պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր ու խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.–ի հունվարի 19–ին, իր խմբագրության դիմաց։