ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Երկար տարիների դադարից հետո Իրանն ու Հայաստանը կարող են վերադառնալ նավթավերամշակման գործարանի կառուցման գաղափարի քննարկմանը։ Համենայն դեպս, Թեհրանից նման մտքեր են հնչում։
Հիշեցնենք` հայ–իրանական սահմանին նավթավերամշակման գործարանի կառուցման հարցը քննարկվում էր 2000–ականներից։ Սակայն գործը բանակցությունների ու երկու կողմերի պաշտոնյաների հայտարարություններից այն կողմ չգնաց։
Հիմա, երբ Իրանը նախկինից ավելի խիստ պատժամիջոցային ճնշման տակ հայտնվեց, իրանական կողմը դիտարկում է Հայաստանի հետ համագործակցությունը որպես պատժամիջոցների հետևանքները մեղմացնելու միջոցներից մեկը։
Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովի անդամ Հադի Ղավամին առաջարկել էր Իրանի և Հայաստանի սահմանին` Մեղրու ազատ տնտեսական գոտում, նավթավերամշակման գործարան կառուցել։
Մասնավորապես, Mehrnews գործակալությունը փոխանցում է` պատգամավորը նշել է, որ ազատ տնտեսական գոտիներում նավթավերամշակման գործարանների կառուցման ճանապարհով կարելի է մեծ եկամուտ ստանալ ու բարեհաջող չեզոքացնել պատժամիջոցների ազդեցությունը։ Ղավամիի կարծիքով` պետք է կառուցել նավթավերամշակման գործարան, որը կկարողական օրական 200 հազար բարրել վերամշակել։
Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանի կարծիքով` տարիներ առաջ Իրանը, լինելով նավթարդյունահանող պետություն, բենզինը ներկրում էր, հիմնականում, Արաբական Միացյալ Էմիրությունների օգնությամբ։
Վերջին տարիներին իրենք այդ խնդիրը լուծել են. իրենց մոտ բավարար հզորություններ կան բենզինի արտադրության և իրենք 100 տոկոսով իրենց կարիքը բավարարում են։
«Չգիտեմ` հայ–իրանական սահմանին արտադրված բենզինը ուր է մատակարարվելու։ Եթե դիտարկենք իրանական սպառողական շուկան (հայկական շուկան շատ փոքր է – խմբ.), ապա այստեղ հեռանկարներն այդքան էլ լուսավոր չեն։ Իրանը հսկայական տնտեսական բարդությունների է հանդիպում, ներքին պահանջարկը, այդ թվում նաև նավթամթերքի համար, ընկնում է», – ասաց Մանվելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Եթե դիտարկենք ԵԱՏՄ շուկան ապրանքի արտահանման տեսակետից, ապա այստեղ էլ են խնդիրներ առաջանում, քանի որ միության երկու առաջատար երկրները` Ռուսաստանն ու Ղազախստանը նավթի սեփական մեծ պաշարներ ունեն։
Ընդ որում`Իրանի ու ԵԱՏՄ–ի միջև ազատ տնտեսական գոտու մասին պայմանագրում չկա կետ նավթամթերքի մատակարարումների մասին, հետևաբար, Մանվելյանը պարզաբանեց, որ հայ–իրանական սահմանին արտադրված նավթամթերքի ԵԱՏՄ շուկա արտահանման մասին խոսք չկա։ Հայտնի է, որ ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագրում 500 տեսակի ապրանք կա, սակայն նավթն ու նավթամթերքն այդ ցանկում չեն։
Նավթավերամշակման գործարանի շինարարությունը թանկ հաճույք է։ Նման գործարանների միջին գինը 5 միլիարդ դոլար է, և արդյո՞ք կանեն այդքան ներդրում` նման գործարան կառուցելու համար։ Պետք է ուղղակի հաշվարկել` Ազատ տնտեսական գոտին ո՞ւնի կնքված պայմանագրեր նման գործարաններ կառուցելու համար, և ապա դա կտա՞ հնարավորություն Հայաստան, ապա Հայաստանով ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար։ Թեև, այն փաստը, որ այդ հարցի վրա ուշադրություն է հրավիրում իրանական կողմը, որն ընդհանրապես նման հարցերում իրեն բավականին զուսպ է պահում, արդեն ուշադրության արժանի է։