Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել. կա զոհ և վիրավոր. տեսանյութ

Ռեստորանի ղեկավարությունը համոզված է, որ տեղի ունեցածն իրենց հետ կապ չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան Գլենդել քաղաքի հայկական ռեստորաններից մեկում անհայտ անձը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկ անձ էլ` վիրավորվել: Ինչպես հայտնում է ktla.com-ը, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի գիշերը:

Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցների հետևանքով մահացել է 40-50 տարեկան մի տղամարդ: Այժմ հարցաքննում են միջադեպի ականատեսներին, որոնք ռեստորանում են եղել բանկետի մասնակցելու համար:

Գլենդելի ոստիկանության սերժանտ Դեն Սաթլզը հայտնել է, որ բանկետին մասնակցել են մոտ 100 մարդ:

«Մեզ ծանր աշխատանք է սպասում, քանի որ պետք է զրուցենք նրանցից յուրաքանչյուրի հետ»,- ասել է նա:

Նա նաև հայտնել է, որ կրակոցներ արձակած անձը փախել է մոխրագույն մեքենայով: Այլ տվյալներ նրա մասին չկան:

«Արարատ» ռեստորանի ղեկավարությունը հայտնել է, որ տեղի ունեցածը որևէ կապ չունի ռեստորանի և իրենց հաճախորդների հետ։