Ավազակային հարձակում Երևանում. մանրամասներ է հայտնում Քննչական կոմիտեն

Ավազակային հարձակման մեջ կասկածվող Գարիկ Մարտիրոսյանը ձերբակալվել է, հանցագործության գործիք հանդիսացած հրազենը՝ հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավազակային հարձակում գործելու մեջ կասկածվում է Գարիկ Մարտիրոսյանը

2018թ-ի հոկտեմբերի 13-ին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, զինված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող դեղատուն, որտեղ դեղագործի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Հափշտակելով 15.100 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ զինված անձը դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ավազակություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Դեղագործը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի արտաքին տվյալների վերաբերյալ և անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին հանձնարարություն տրվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:

14.10.2018թ. վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել կասկածյալը, ով Երևանի բնակիչ է, ծնված՝1997 թվականին:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, դանակ, 5.000 ՀՀ դրամի մետաղադրամների կապոց, որը քննության տվյալներով հափշտակվել էր դեղատնից:

Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել, նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նույն օրը՝ 14.10.2018թ., կասկածյալի եղբայրը ներկայացրել է նաև MP-654K մոդելի T12049377 համարի ատրճանակը, որը, ըստ հայտարարության, դեպքի օրը եղել է 21-ամյա երիտասարդի մոտ։

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաքիմիական, դատաքրեագիտական փորձաքննություններ:

Նշենք, որ ըստ ոստիկանության հրապարակած հաղորդագրության` ավազակային հարձակումը կատարել է 1997 թվականին ծնված Գարիկ Մարտիրոսյանը։