Որոտնավանքի կիսավեր խաչքարերն ու տապանաքարերը կփրկվե՞ն

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը դասակարգել է Սյունիքի մարզի Որոտնավանքի տարածքում գտնվող խաչքարերը, տապանաքարերն ու հուշարձանի բեկորները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները փորձել են շտկել Սյունիքի մարզի Որոտնավանք համալիրի տարածքում 90-ականներին իրականացրած «վերանորոգման» հետևանքները։

Ծառայության աշխատակիցները հուշարձան–համալիրի տարածքում դես ու դեն թափված խաչքարերը, տապանաքարերն ու դրանց բեկորները հավաքել, տեղափոխել են եկեղեցուն մոտ և դասակարգել, որպեսզի դրանք չկորցնեն իրենց մշակութային արժեքը: Գետնին ընկած որոշ տապանաքարեր ու խաչքարեր էլ ուղղվել ու կանգնեցվել են տեղում: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ից։

Այստեղ շունչդ կտրվում է․ թոփ 10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին

Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների գործակալության պետ, ճարտարապետ Արմեն Աբրոյանի խոսքով` Որոտնավանք վանական համալիրի տարածքում առկա են բավական արժեքավոր թևավոր խաչքարերի զարդանախշերով բեկորներ: Կան բավական շատ ու արժեքավոր տապանաքարեր, տեղաշարժված տապաններ, խաչքարեր, որոնք թվագրվում են 9-13-րդ դարերով:

Աբրոյանի համոզմամբ վանական համալիրը մշտապես վերականգնման կարիք ունի: Իսկ հուշարձանի բեկորներն ու խաչքարերը կօգտագործվեն արդյո՞ք հետագա վերականգման աշխատանքների ընթացքում` պարզ կլինի միայն գիտական ուսումնասիրությունից հետո:

Հիշեցնենք` Որոտնավանքի տարածքում խաչքարերի ոչնչացման վտանգի մասին ֆեյսբուքում ահազանգել էր օգտատերերից մեկը` խնդրի վրա հրավիրելով մշակույթի նախարարի ուշադրությունը։ Նրա գրառման համաձայն` խաչքարերից շատերը ճաքել, կիսվել են, դրանց վրայի փորագիր զարդանախշերը ոչնչացել են։

Ավելի ուշ նախարար Լիլիթ Մակունցի հանձնարարականով եկեղեցու տարածք են այցելել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի աշխատակիցները։

Որոտան գետի կիրճի եզրին գտնվող ու X-XI դարերի հուշարձանի վերականգնման աշխատանքներ են իրականացվել խորհրդային տարիներին: Ընդմիջումներով դրանք շարունակվել են նաև հետագայում: Հենց այդ շինարարական աշխատանքների ընթացքում էլ խաչքարերը, տապանաքարերն ու բեկորները տեղաշարժվել են ու տարիներ շարունակ թափված կամ իրար վրա դարսված մնացել վանքի բակում:

Սյունքի մարզում գտնվող միջնադարյան Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը հայկական ճարտարապետության ուշագրավ հուշարձաններից է: Դրա Ս. Ստեփանոս և Ս. Կարապետ եկեղեցիներին կից սյունասրահները ծառայել են որպես իշխանական տոհմի գերեզմանատուն, որտեղ թաղված են վանքի հիմնադիրներ Շահանդուխտ թագուհին և իր որդի Սևադան: Որոտնավանքը եղել է միջնադարյան գրչության կենտրոններից: Այստեղ գործել են Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և այլք: