Արարատ Միրզոյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև այս դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները կարևորել են երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք թույլ են տալիս օպերատիվ կերպով քննարկելու հայ-ռուսական փոխգործակցության օրակարգային հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ու գործընթացներին, այս դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր: