Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց

Պաշտպանները մտադիր են բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր է որոշում կայացրել երկու ամսով երկարաձգել Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը: «Բայց մենք մտադիր ենք այս որոշումը բողոքարկել։ Որովհետև դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ մեր պաշտպանյալը մի շարք ծանր հիվանդություններ ունի»,–ասաց Մկրտչյանը։

«Մանվել Գրիգորյանի առողջության մասին լուրերը մի փոքր չափազանցված են». ՀՔԾ պետ

Դատարանը նաև մերժել է Գրիգորյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված բժշկական փորձաքննության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ և շաքարային դիաբետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: