Քաղցկեղը մահվան դատավճիռ չէ, բայց Հայաստանում շարունակում է սպանել կանանց

Հայաստանում շարունակում է ավելանալ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թիվը։ Փորձագետը գլխավոր խնդիրը համարում է երկրում սքրինինգային ծրագրերի բացակայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում ուռուցքաբանական հիվանդությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է առաջատար դիրքեր գրավել։ Ավելին` նկատվում է աճի միտում, երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի վարիչ, ճառագայթաբան Հովհաննես Վարդևանյանը։

Ձգտում ենք քաղցկեղի այնպիսի կենտրոն ստեղծել, որը կսպասարկի ողջ տարածաշրջանին. Հակոբյան

Հոկտեմբերն աշխարհում հայտարարված է կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Հայաստանում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում, բնակչության շարքում անցկացվում են իրազեկության մակարդակը բարձրացնելու տարբեր միջոցառումներ։ Վարդևանյանի մամուլի ասուլիսը կազմակերպված էր հենց այդ նպատակով։

«Ե՛վ աշխարհում, և՛ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղն անշեղորեն աճում է։ Սակայն առաջին հերթին պետք է հիշել, որ այդ հիվանդությունը մահվան դատավճիռ չէ և բուժելի է, հատկապես վաղ փուլերում»,– ասաց Վարդևանյանը։

Բժիշկը խորհուրդ տվեց իգական սեռի սեռահասուն ներկայացուցիչներին կանոնավոր կերպով հետազոտվել։ Շատ հաճախ հիվանդությունը ոչ մի կերպ չի դրսևորվում, հիշեցրեց Վարդևանյանը, ուստի հետազոտվելը կարևոր է նույնիսկ տագնապալի ախտանշանների բացակայության դեպքում։ Ժամանակին կատարված ախտորոշումը կարող է որոշիչ դեր խաղալ։

Բժիշկը խորհուրդ է տալիս 40–ից բարձր կանանց տարեկան երկու անգամ հետազոտություն անցնել, քանի որ, վիճակագրության համաձայն, հենց այդ տարիքային կարգն է հայտնվում ռիսկի գոտում։

Հիվանդությունն ավելի հազվադեպ առաջանում է մինչև 35 տարեկան կանանց մոտ։ Վարդևանյանի փորձում եղել է դեպք, երբ քաղցկեղ հայտնաբերվել է 21–ամյա աղջկա մոտ։

Վարդևանյանը գոհունակությամբ նշեց, որ հայ հասարակությունում գիտակցականության մակարդակն աճել է, և արդեն ավելի շատ մարդիկ են հետազոտվում «առանց առիթի»։

Ի հեճուկս համատարած մոլորության` խնդիրը վերաբերում է ոչ միայն կանանց։ Վերջին 19 տարիների ընթացքում Հայաստանում տղամարդկանց մոտ գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի մոտ 30 դեպք։

Առաջին անգամ ցողունային բջիջներով. ՀՀ–ում 2 տարեկան երեխայի բացառիկ վիրահատություն են արել

«Հիմնական նշաններն են պտուկից արյունոտ արտադրությունը, մաշկի գույնի փոփոխությունը», – ասաց Վարդևանյանը` նշելով, որ տղամարդկանց մոտ հիվանդությունն ավելի ագրեսիվ է ընթանում։

Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներն են սթրեսները, գենետիկ մուտացիան, գինեկոլոգիական հիվանդությունները, վնասակար սովորությունները, կրծքագեղձի վնասվածքը, դաշտանի խախտումը, հղիության արհեստական ընդհատումները։

«Անհնար է առանձնացնել մեկ գործոն, ավելի հեշտ է կանոնավոր կերպով ստուգվել` հիվանդությունը վաղ փուլերում բացահայտելու համար», – ասաց Վարդևանյանը։

Բժիշկը գլխավոր թերությունը համարում է հանրապետությունում սքրինինգային ծրագրերի բացակայությունը։ Հայաստանում չկան քաղցկեղի տարբեր տեսակների սքրինինգի ծրագրեր։ Նման հետազոտություն կարելի է անցնել միայն մասնավոր կլինիկաներում և բավականին մեծ գումարով։

Հայաստանում կանանց շարքում տարածված են կրծքագեղձի քաղցկեղը, արգանդի վզիկի քաղցկեղը, հաստ աղիքի քաղցկեղը։

Տղամարդիկ ավելի հաճախ հիվանդանում են թոքերի, շագանակագեղձի և հաստ աղիքի քաղցկեղով։

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է վահանաձև գեղձի քաղցկեղի աճ, հատկապես երիտասարդների շարքում։ Մեծամասամբ ուռուցքաբանության այդ տեսակը դրսևորվում է 20-30 տարեկան երիտասարդների մոտ։

Հիշեցնենք, որ Հայաստանում 2017թ.–ին գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի 1118 դեպք։ Հայաստանում տարեկան միջինում ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղի 1000-1100 դեպք, իսկ մահացության թիվը կազմել է մոտ 400։