Ովքեր նոր պայմաններին չեն հարմարվի, կլքեն համակարգը. Կադաստրի նոր պետի նոր պայմանները

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը Sputnik Արմենիային պատմել է աշխատանքային առաջին օրն իր հետ կատարված զավեշտալի միջադեպի ու նոր աշխատավայրում կատարած շատ ավելի լուրջ բացահայտումների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարին աշխատանքային առաջին օրն աշխատավայրում չեն ճանաչել։ 

Պետրոսյան. «Նախկին համակարգն այնպիսին էր, որ դու ուզած–չուզած կոռուպցիայի մեջ էիր»

Երբ Սարհատ Պետրոսյանը պահակետում հարցրել է կոմիտեի ղեկավարի աշխատասենյակի տեղը, ոստիկանը փորձել է ճշտել` ով է հարցնողն ու ինչ նպատակով։

«Քանի որ ես առավոտյան սուրճ եմ խմում, սուրճն էլ ձեռքիս էր, ու ես երևի ընդհանրապես նման չէի կոմիտեի նախկին ղեկավարներին, ովքեր թիկնապահներով էին աշխատանքի գալիս։ Հետո չէին գտնում կաբինետի բանալին, ես ստիպված սպասում էի, մինչև ինչ-որ տեղից գտան այն»,– իր առաջին աշխատանքային օրվա մասին Sputnik Արմենիային պատմեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը` հավելելով, որ դա առաջին, բայց միակ շոկը չէր։

Հաջորդ շոկը համակարգում առկա կայուն կոռուպցիոն սխեմայի բացահայտումն էր։ Սարհատ Պետրոսյանի խոսքով` այստեղ կոռուպցիան ժամանակին ամենուր էր, դրանում յուրաքանչյուրն ուներ իր դերակատարությունը։

«Նախկին համակարգն այնպիսին էր, որ դու ուզած–չուզած կոռուպցիայի մեջ էիր։ Հիմա բոլորին տրվել է նոր հնարավորություն, որպեսզի նոր պայմաններում այլ կերպ աշխատեն։ Բայց, բնականաբար, ոչ այն տեղում, որտեղ իրենք նախկինում եղել են, իրենց այլ տեղ ենք աշխատանք առաջարկում, որովհետև կոռուպցիան եղել է համակարգ, սխեմա, և այդ սխեման պետք է կազմաքանդել»,–ասաց Պետրոսյանը։

Առանց կոռուպցիայի աշխատելուն համաձայնել են ոչ բոլորը։ Նոր պետի նոր պայմաններին չհամակերպված բազմաթիվ աշխատակիցներ արդեն ինքնակամ ազատվել են աշխատանքից։

«Մարդիկ, ովքեր նոր պայմաններին չեն հարմարվի, պետք է լքեն համակարգը,– ասաց Սարհատ Պետրոսյանը,– պայքարելով կոռուպցիայի դեմ փորձում ենք նաև պարգևավճարների ու խրախուսումների միջոցով ավելացնել ամսական եկամուտը»։

Ինչպես զրկվել լիցենզիայից և հանգիստ քնից. թանկ չէ, ընդամենը՝ 500 դոլար. տեսանյութ

Ամսավճարներն ավելացնելու գումարներ ևս գտնվել են։ Կրճատվել ու կրճատվում են անհարկի ծախսերը և այդ գումարներն ուղղվում արդյունավետ նպատակների։ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ ծառայողական ավտոմեքենաների օպտիմալացման արդյունքում շուրջ 40 մլն դրամի խնայողություն են ունեցել և այդ գումարն ուղղել աշխատակիցների խրախուսմանը։

Բացի այդ պարզվել է, որ պետական կառույցն անհարկի հարստացնում է մասնավորներին` նրանցից տարբեր շենք–շինություններ վարձակալելով։

«Օրինակ` Կենտրոնի կադաստրի երևանյան գրասենյակի` կրկեսի դիմաց գտնվող շենքը վարձակալում ենք մասնավորից, այն դեպքում, երբ մեր գլխավոր ապարատի կենտրոնակայանը դրանից մոտ 400 մետր հեռավորության վրա է գտնվում, և մենք կարող էինք այդ ծառայությունը մատուցել մեր շենքի 1-ին հարկում»,– ասաց Պետրոսյանը։

Գյումրիում էլ, նրա խոսքով, կադաստրի գրասենյակներից մեկը մասնավորից վարձակալած 2 հարկանի շենքի միայն մի մասն է օգտագործում։ Եվ նման դեպքերը բազմաթիվ են։ Սարհատ Պերոսյանը խոստանում է առաջիկայում կրճատել բոլոր նման ծախսերը։

Սուրիկ Խաչատրյանի Երևանի տան շինարարության էպոպեան. ի՞նչ կպարզի դատախազությունը

Իսկ ինչ վերաբերում է կադաստրային ծառայությունների սակագները նվազեցմանը, այս մեկը կադաստրի ղեկավարը շատ մոտ ապագայում չի խոստանում անել, քանի որ այս պահին ամբողջ համակարգն աշխատում ու պահպանվում է բացառապես այդ միջոցներով։

«Երբ մենք հնարավորինս մոտենանք կամ գուցե ամբողջությամբ անցնենք անթուղթ կադաստրին, իսկ դա նախատեսվում է 2020թ.–ին, մեր ծախսերն էականորեն կնվազեն, որի արդյունքում մենք կդիտարկենք այդ փոփոխության հնարավորությունը»,– մեր հարցին ի պատասխան ասաց Սարհատ Պետրոսյանը։

Հիշեցնենք` Սարհատ Պետրոսյանն ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2018 թ.–ի օգոստոսի 9-ին` այդ պաշտոնում փոխարինելով Մարտին Սարգսյանին։