ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Նախկին համակարգն այնպիսին էր, որ դու ուզած–չուզած կոռուպցիայի մեջ էիր»

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հայտնել է, թե ինչ մեթոդներով է որոշել պայքարել համակարգում առկա կայուն կոռուպցիոն երևույթների դեմ։
Sputnik
Սարհատ Պետրոսյան

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ կադաստրի համակարգում կոռուպցիան ժամանակին ամենուր էր, դրանում ներգրավված էին գրեթե բոլոր աշխատակիցները։

«Նախկին համակարգն այնպիսին էր, որ դու ուզած–չուզած կոռուպցիայի մեջ էիր։ Հիմա բոլորին տրվել է նոր հնարավորություն, որպեսզի նոր պայմաններում այլ կերպ աշխատեն։ Բայց, բնականաբար, ոչ այն տեղում, որտեղ իրենք նախկինում եղել են, որովհետև կոռուպցիան եղել է համակարգ, սխեմա, և այդ սխեման կազմաքանդելու համար այդ նույն մարդիկ, նույնիսկ եթե պրոֆեսիոնալ են, բայց կոռումպացված են, իրենց այլ տեղ ենք աշխատանք առաջարկում»,–ասաց Պետրոսյանը։

Նոր պայմաններով աշխատել համաձայնել են ոչ բոլորը։ Սարհատ Պետրոսյանի խոսքով, բազմաթիվ աշխատակիցներ արդեն ինքնակամ ազատվել են աշխատանքից։ Իսկ մնացողներին «մաքուր» աշխատելու դիմաց նոր ղեկավարը պարգևավճարներ ու խրախուսումներ է վճարում` դրանով ավելացնելով նրանց ամսական եկամուտը։