ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում այդքան լայնածավալ և հեղինակային միջոցառման անցկացումը, ինչպիսին Ֆրանկոֆոնիան է, շատ կարևոր է։ Այն բարձրացնում է փոքր երկրի միջազգային վարկանիշը, ճանաչելիությունը։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Ալեն Ղևոնդյանը։
Ղևոնդյանի կարծիքով` բազմաթիվ պետությունների ներկայացուցիչների հետ բանակցությունները, շփումը, որոնցից շատերի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, անշուշտ, արտասովոր իրադարձություն է։
«Մենք այդ պետությունների հետ նոր կապեր հաստատելու հնարավորություն ենք ստացել։ Իհարկե, այդ կապերը դեռ կոնկրետ նախաձեռնություններով և նախագծերով ամրապնդվելու կարիք ունեն։ Անհրաժեշտ է վերածել այդ կապերը քաղաքական և տնտեսական կապիտալի», — ասաց Ղևոնդյանը։
Ընդհանուր առմամբ խոսելով մասնակիցների կազմի մասին` պետք է առանձնացնել երեք տեսակ` այդ երկրների քաղաքական ղեկավարությունը, բիզնեսի և մամուլի ներկայացուցիչները։
Մեր զրուցակցի խոսքով` Հայաստանը կարող է օգտագործել Ֆրանկոֆոնիայի քաղաքական չափումը միջազգային հարթակներում, այդ թվում` Երևանի համար կարևոր հարցերի վերաբերյալ քվեարկության ժամանակ։
Բիզնես չափումը կարևոր է հայկական տնտեսության մեջ ներդրումներ գրավելու առումով։ Այդ տեսանկյունից Հայաստանում ցուցաբերված ջերմ և հյուրընկալ ընդունելությունը կարող է կարևոր բանալի դառնալ ապագա ներդրումների համար։
Այդ պետությունների մեդիաոլորտի հետ աշխատանքը կարևոր է զբոսաշրջային հոսք գրավելու տեսանկյունից։
«Իհարկե, ոչ բոլոր խնդիրները կարելի է միանգամից լուծել։ Բայց, իմ կարծիքով, մեկնարկը լավն էր։ Հետագայում վարչապետի և կառավարության ինտենսիվ աշխատանքի շնորհիվ այդ կապերը պետք է խորանան», — հավելեց Ղևոնդյանը։
Հիշեցնենք` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանել էին 38 երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն և Շառլ Միշելը, Լիբանանի նախագահ Միշել Աունը: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 84 երկրի պատվիրակություն: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մի քանի միջոցառում անցկացվեց` գործնական ֆորում, ցուցահանդեսներ ու համերգներ, Ֆրանկոֆոնիայի երկրների ու տարածաշրջանների ցուցադրում։