Հայաստանի բուհերն ու ինստիտուտները կմիավորվեն. նախարար

Կրթության և գիտության նախարարը խոսել է ոլորտում նախատեսվող օպտիմալացումների մասին։ Ակադեմիայի գիտական ինստիտուտների ու պետական բուհերի թիվը կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հնարավոր է` հայաստանյան որոշ բուհեր ու ինստիտուտներ առաջիկայում միավորվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` խոսելով կառավարության` ոլորտում օպտիմալացումներ իրականացնելու մտադրության մասին։

Թե կոնկրետ որ բուհերը և որ ինստիտուտները կօպտիմալացվեն, Հարությունյանը չհստակեցրեց` հայտնելով, որ այդ հարցի շուրջ քննարկումները դեռ ընթացքի մեջ են։

«Բուհերի միավորումներից բացի, նաև ԳԱԱ-ի հետ քննարկումներ կլինեն` որոշ ինստիտուտների միավորումների հետ կապված։ Դրանք, թերևս, առաջինը կնախաձեռնվեն»,-ասաց նա։

Հարությունյանը չբացառեց, որ գիտական որոշ ինստիտուտներ ոչ միայն իրար, այլև բուհերի հետ կմիավորվեն։

Նախարարի խոսքով` քննարկումները կտևեն շուրջ 2-3 շաբաթ, որից հետո հնարավոր կլինի այդ հարցի մասին առավել առարկայական խոսել։