Charlie Hebdo–ն հրապարակել է Շառլ Ազնավուրի ծաղրանկարը. երգչի դուստրը խիստ զայրացած է

Հրապարակմանը կտրուկ արձագանքել է շանսոնյեի դուստրը` Սեդա Ազնավուրը` ցասումով լի գրառում հրապարակելով Facebook-ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանսիական սկանդալային ամսագիրը` Charlie Hebdo-ն, հրապարակել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծաղրանկարը` «շուտով շունչի կփչի» գրությամբ։

Ծաղրանկարի ձախ կողմում կարմիր շրջանակի մեջ գրված է «հարկեր», աջ կողմում` «ավելի լավ է` մեռնեմ»։ Ամենայն հավանականությամբ, լրագրողներն ակնարկում են Ազնավուրի շվեյցարական քաղաքացիությունը։ Ժամանակին ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվում էին «հարուստների համար» նախատեսված հարկերը, որոնք Ֆրանսիայում հայտնի մարդիկ չափազանց շատ էին համարում և այլ երկրների քաղաքացիություն էին ստանում` հարկերի վճարումից խուսափելու համար։

Հրապարակմանը կտրուկ է արձագանքել շանսոնյեի դուստրը` Սեդա Ազնավուրը։

«Կրկին նախանձողները։ Անպիտան, անպիտան Charlie։ Հուսով եմ, որ մի օր նման նկար կանեք, երբ ձեր ընտանիքի անդամներից մեկը մահանա։ Այդ ժամանակ մեծ հաճույքով կնայեմ ձեր դեմքերին», — գրել է նա Facebook-ում։

Հրապարակման տոնը կասկածի տեղիք չի տալիս. վստահաբար կարելի է ասել, որ Սեդա Ազնավուրը խիստ զայրացած է։

Հիշեցնենք, որ 2015թ-ի հունվարին Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակումից հետո Ֆրանսիայում զինված հարձակում իրականացվեց Charlie Hebdo-ի խմբագրության վրա։ Երկու չարագործներ ներխուժել էին խմբագրություն և կրակել մարդկանց վրա։ Մահացել էին 12 հոգի, այդ թվում` երկու ոստիկան, հարձակվողներին հաջողվել էր թաքնվել, սակայն նրանց սպանել էին ձերբակալության ժամանակ։