ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարեց, որ բացահայտել է 3368-ը ապօրինի ջրագծեր: Բայց պարզվում շարունակվում են, և ամենաթարմ դեպքը տեղի է ունեցել Առինջ գյուղում:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցներն այստեղ այցելելով պարզել են, որ առինջեցիներից մեկն իր մի քանի հեկտարանոց, փարթամ այգին ոչ միայն խմելու ջրով է ոռոգում, այլև այդ ջրի դիմաց ոչ մի դրամ չի վճարում:
Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Սամսոն Զատիկյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ շրջայցի ժամանակ նկատել են տվյալ հատվածում Երևանը սնուցող Կաթնաղբյուրի ջրագծին ապօրինի միացված «ձախ» խողովակ, որը գնում է դեպի առինջեցու այգիների տարածք:
«Այս այգիներն ամբողջությամբ ոռոգվում են խմելու ջրով: Միայն այս այգու հատվածում ապօրինի 3 միացումներ կան, որոնք գնում են նույն սեփականատիրոջ տարածքը: Սեփականատերը Ռաֆիկ Հայրապետյանն է»,- ասաց պաշտոնյան:
ՀԾԿՀ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը հայտնեց, որ ջրագողին պատժելու համար հանձնաժողովում այժմ հաշվարկում են տուգանքի չափը: «Եթե նա իրավաբանական անձ է դա կլինի 1 մլն դրամից ավելի:
Տույժը հաշվարկվում է խողովակի ամբողջ թողունակությամբ իրավաբանական անձանց պարագայում 90 օրվա հաշվարկով, առանձնատների դեպքում` 30, բազմաբնակարան շենքերի բնակիչների դեպքում` 15 օր»,- ասաց Աղինյանը:
Ի դեպ, երբ լրագրողները փորձեցին հանդիպել ու խոսել նաև ջուր գողացող սեփականատիրոջ հետ, դարպասի դուռը բացեց մի կին, որը ներկայացավ որպես «տան աշխատող» ու հայտնեց, որ տերերը տանը չեն:
ՀԾԿ հանձնաժողովի ներկայացուցիչը հայտնեց, որ տան տերն զգուշացված է, « նրա ապօրինի միացված խողովակներն անջատված են: Ինչ վերաբերում է շրջայցերին, դրանք շարունակվելու են մինչև հոկտեմբերի վերջը: Դրանց նպատակն է թույլ չտալ, որ ջրի սակագինը սպառողների համար բարձրանա:
Բանն այն է, որ օգոստոսի սկզբին «Վեոլիա ջուրը» դիմում էր ներկայացրել ՀԾԿՀ` ջրի սակագինը 14 դրամով բարձրացնելու համար։ Հիմա սակագինը կազմում է 191,4 դրամ, սակայն բնակիչ-բաժանորդները 180 դրամ են վճարում, մնացածը պետությունն է սուբսիդավորում։ «Վեոլիան» առաջարկում է սակագինը հասցնել 205 դրամի:
Հետաքրքրական է, որ սակագնի մեջ ամենամեծ մասնաբաժինը կազմում են հոսակորուստները. ընկերությունն ու ՀԾԿՀ-ը դրանք 80 տոկոս են սահմանել: Բայց պարզվում է այդ 80 տոկոսի անվան տակ բազմաթիվ մարդիկ ջուր են գողանում ու նաև դրանով ջրում իրենց այգիներն ու բիզնես անում:
Իսկ պատկան կառույցները տարիներ շարունակ աչք են փակել ու չեն էլ նկատել, թե ուր են հոսում օրինավոր քաղաքացիների վճարած գումարները: