Տրյուդոն արդյունավետ է համարում Փաշինյանի հետ հանդիպումները

Կանադայի վարչապետը անդրադարձել է Երևանում անցկացրած օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Ֆեյսբուքի իր էջում գրառումներ է կատարել՝ հետհայացք նետելով Հայաստանում անցկացրած օրերին:

Նա անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցառումներին և Հայաստան կատարած պաշտոնական այցի դրվագներին։

«Այս շաբաթ Հայաստանում մենք համագործակցում էինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  գործընկերների և ընկերների հետ՝ ժողովրդավարության, բազմազանության, գենդերային հավասարության և աճի խթանման ուղղությամբ, ինչն աշխատում է բոլորի համար: Վերադառնում ենք  տուն»,- նշել է Ջասթին Տրյուդոն:

Նա առանձնացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն՝ ընդգծելով, որ Կանադայի և Հայաստանի նպատակն է փոխադարձ ճամփորդությունների, զբոսաշրջության և առևտրի խթանումը։ «Նիկոլ Փաշինյանի հետ այսօր շատ արդյունավետ հանդիպումներ են տեղի ունենում Երևանում»,- շեշտել է Ջասթին Տրյուդոն: