Գնաճդ շաքարով կտրեմ. Հայաստանում կյանքը շարունակում թանկանալ, շաքարն` էժանանալ

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ապրելը 3.5 տոկոսով թանկացել է: Միս ուտելը թանկացել է 10.8 տոկոսով: Բայց կյանքի դառնությունը կարելի է քաղցրացնել 15.4%-ով էժանացած շաքարով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Վերջին ամիսներին գնաճը Հայաստանում արագացել է և չի բացառվում, որ մինչև տարեվերջ էլ շարունակվի նույն տեմպերով, եթե ոչ ավելի արագ: Այս մասին են վկայում նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ գնաճի արագացումը թեև հասնում է 3.5 տոկոսի, և նախորդ տարիների համեմատ այն ռիսկային է, բայց Կենտրոնական բանկն այս պահին գնաճը զսպելու անհրաժեշտություն չի տեսնում:

Կբարձրանա՞ն արդյոք աշխատավարձերը և կենսաթոշակները. պարզաբանում է տնտեսագետը

«Գնաճը տեղավորվում է թիրախավորված 4 տոկոսի սահմաններում: Սեպտեմբերյան իր հաշվետվության մեջ ԿԲ-ը ֆիքսել է այս հանգամանքը, և այս է պատճառը, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվեց անփոփոխ` հաշվի առնելով, որ լուրջ գնաճային ռիսկեր չկան»,- ասաց տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանը, սակայն շեշտեց, որ առանձին ապրանքախմբերում, հատկապես` բանջարեղենի, մրգի, մսամթերքի գնաճը թիրախավորված գնաճից ավելին է եղել:

Նրա խոսքով` Հայաստանում այսօր, բացի տեղական ապրանքների թանկացումներից կա նաև «ներմուծված» գնաճ:

«Որոշակի ազդեցություն գնաճի մակարդակի վրա ունեցել է նաև Թուրքիայից ներկրվող կոշկեղենի, հագուստի թանկացումը: Թուրքիայում լիրայի արժեզրկման և սանկցիաների հետ կապված՝ 9-10 տոկոս գնաճ կա։ Թանկացել է նաև տրանսպորտը, որը հիմնականում կապված է Վերին Լարսի անցակետի հետ: Եվ այս գործոններով պայմանավորված `գնաճը կազմել է 8.3 տոկոս»,- ասաց տնտեսագետը:

Գնաճն այդքան էլ մեծ չէ. ԿԲ-ն շարունակում է ֆինանսավարկային փափուկ քաղաքականությունը

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշների համաձայն` 2018թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ։ Բանջարեղենը թանկացել է 2.2, միսը` 2.3, կաթնամթերքը 4.9% —ով: Մսամթերքը, որ վերջին 1-2 տարում Հայաստանում ամենամեծ թափով թանկացող ապրանքներից է, 2017թ. սեպտեմբերի համեմատ թանկացել է 10.8%-ով:

Իսկ օրինակ` շաքարավազը անցյալ տարվա համեմատ 15.4% էժանացել է:

Բենզինի և դիզելային վառելիքի գները վերջին 1 ամսում չեն փոխվել, իսկ մեկ տարում թանկացել են համապատասխանաբար`16.2 և 28.8%-ով:

Այսպիսով` Վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական ցուցանիշների համաձայն` 2018թ. սեպտեմբերին` 2017թ. սեպտեմբերի համեմատ, Հայաստանում գրանցվել է 3.5%, գնաճ: Իսկ տարեկան թիրախային ցուցանիշը ԿԲ-ի կողմից սահմանված է 4 տոկոս: