Ինձ սխալ եք հասկացել. Մարությանը հորդորում է չհավատալ վերնագրերին

Հայկ Մարությանը հորդորում է չհավատալ մամուլում հրապարակված հոդվածների վերնագրերին և տեսանյութը նայել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հերքում է լուրը, թե հիմա ինքը կողմ է Երևանի տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը։

«Սիրելի երևանցիներ, պաշտոնապես հայտարարում եմ, ինչպես և 5 տարի առաջ այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար»,–գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Տրանսպորտի հարցը. Հայկ Մարությանի դիրքորոշումը ուղեվարձի թանկացման մասին փոխվել է

Հիշեցնենք, որ այսօր, երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Մարությանը ասել էր, որ միասին պետք է լուծենք այս խնդիրը: «Օրինակ` մենք կոնկրետ սակագին կներկայացնենք, և քաղաքացին կորոշի՝ սուբսիդավորել ուղեվարձը պետության հաշվին, թե՞ վճարել սեփական գրպանից: Առաջին դեպքում հասկանալի է, որ դա կարվի ուրիշ ծրագրի կամ նախագծի հաշվին»։

«Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա»,–շարունակել է գրել նորընտիր քաղաքապետը` խորհուրդ տալով միշտ դիտել տեսանյութը և չհավատալ հոդվածների վերնագրերին:

Հիշեցնենք, որ 2013թ.-ին քաղաքային իշխանությունները հայտարարել են գինը մինչև 150 դրամ բարձրացնելու մասին, որից հետո տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ «Ոչ 150 դրամին» կարգախոսով, և որոշումը չեղարկվեց։ Այդ ժամանակվա ակտիվիստներից մեկը Հայկ Մարությանն էր: