Վրաստանի հայերն ապշած են․ինչ է թաքնված Ջափարիձեի աղմկահարույց ելույթների հետևում

Վրաստանի նախագահի թեկնածու, «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն սենսացիոն ուղերձ է հղել հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանի բնակիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Վրաստանի նախագահի թեկնածու, «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի կտրուկ ու քննադատական ուղերձը հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանի  բնակիչներին, չի անդրադառնա նախագահական ընտրությունների արդյունքի վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

«Թուրքերին քաղաքացիություն են տվել, իսկ ձեզ ոչ». Զուրաբիշվիլին` վրացահայերի հետ հանդիպմանը

Վրաստանում հոկտեմբերի 28-ին նախագահական ընտրություններ են կայանալու։ Այս պաշտոնի համար վեց թեկնածու է պայքարում, սակայն առաջատար է համարվում նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։

Նախընտրական քարոզարշավի շրջանակում հոկտեմբերի 10-ին Սամցխե-Ջավախքի հայերին դիմել է Ջափարիձեն։ Նա տեսաուղերձ է հրապարակել «Գիրչիի»  պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ մեկնաբանելով հայերեն՝ «Հատուկ Ջավախքի հայերի համար»։

«Ուզում էի այս տեսահոլովակը հայերեն ձայնագրել, սակայն հասկացա, որ այդքան բան չեմ հիշի։ Պարզապես կկարդամ այն, ինչ ուզում  էի ասել ձեզ», — ասաց վրացերենով Ջափարիձեն ու շարունակեց իր խոսքն արդեն հայերենով։

Նա ընդգծեց, որ վրացի առաջին քաղաքական գործիչն է, ով դիմել է հայերին հայրերով՝ Ջավախքի բարբառով։ Ու առաջինն  է, ով կասի ճշմարտությունը, որը հետևյալն է՝ անկախության ամբողջ 27 տարիների ընթացքում վրացի քաղաքական գործիչներն ամեն ինչ արել են «տեսախցիկի», այլ ոչ թե մարդկանց համար։

Ջափարիձեն կարծում է, որ նրանցից ոչ ոք երբեք լրջորեն չի մտահոգվել Ջավախքի հայերի խնդիրներով։ Նրանք պարզապես խոստանում էին իջեցել գազի, լույսի սակագները, ու խոսում էին վրացական հասարակության մեջ ինտեգրվելու համար վրացերենի ուսումնասիրելու անհրաժեշտության մասին։ Նա հիշեցրել է, որ արդեն մի քանի սերունդ է Ջավախքի հայերը հասկանալի պատճառներով չեն հավատում  քաղաքական գործիչներին։ Հենց նույն պատճառներով Ջավախքի հայերին առանձնապես չի հետաքրքրում՝ ինչ է կատարվում երկրի ներքաղաքական կյանքում, քանի որ նրանք միևնույն է ոչինչ չեն կարող փոխել։ Նույն պատճառով նրանց ավելի սրտամոտ է Մոսկվան, Երևանը, քան Թբիլիսին։

Ի՞նչն է պետք բացառել Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններում. Փաշինյանի տեսակետը

«Քաղաքական գործիչներն անլուրջ են վերաբերվում ձեզ, ձեր ծնողներին, ձեր տատերին։ Նրանք ծիծաղել են ձեզ վրա, ծաղրել, ոչխարի տեղ դրել», — ասել է Ջափարիձեն՝ խոստանալով հաղթանակի դեպքում Ջավախքի հայերին ապահովել ազատություն, որը կարող  է փոխել իրականությունը նրանց համար։

Վրաստանի հացերով փորձագետ Ջոնի Մելիքյանն իր հերթին ուղերձի այս ձևը ոչ ստանդարտ ու կրեատիվ է համարում, սակայն կարծում է, որ թեկնածուի համար այն այդքան էլ արդյունավետ չի լինի։

«Ոչ ստանդարտ, ստեղծագործ մոտեցում է։ Սակայն այն առանձնապես չի անդրադառնա Ջավախքի հայերի կարծիքի վրա ու չի ավելացնի Ջափարիձեի հաղթելու շանսերը», — ասաց Մելիքյանը։

Նախագահի վեց թեկնածուներից հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որը վայելում է իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության, քաղաքապետի, կուսակցության ղեկավար, գործարար Բիձինա Իվանիշվիլիի աջակցությունը։

Փորձագետը համարում է, որ Զուրաբիշվիլիի ուղերձները Նինոծմինդա (Ջավախք) քաղաքի բնակիչների համար ավելի ազդեցիկ են։

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ նախորդ իշխանությունը (նկատի ունենալով Վրասատանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն ու նրա կողմնակիցներին – խմբ․) խախտել է Վրաստանի հայերի իրավունքները՝ Վրաստանի քաղաքացիություն տալով թուրքերին ու մերժելով հայերին վրացական անձնագիր տալ։

Այս խոսքերն իսկապես աղմկահարույց էին ու սոցցանցերում իրարանցում էին առաջացրել։ Վրաստանի թուրքական համայնքի ներկայացուցիչներն ու Սահակաշվիլու կողմնակիցները կտրուկ քննադատել էին այդ խոսքերը։

Շատերը կարծում են, թե Զուրաբիշվիլին փորձում է «միմյանց դեմ տրամադրել թուրքերին ու հայերին»։

Վրաստանում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018թ–ի հոկտեմբերի 28-ին։ Դրանք կլինեն նախագահի վերջին ուղիղ ընտրությունները։ Զուրաբիշվիլիից բացի նախագահի պաշտոնի համար մրցում են Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, «Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ» Շալվա Նաթելաշվիլին, «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն, «Վրացական մարշ» շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։