ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, Երևանից իր հետ տարել է ձեռագործ արծաթե զարդեր՝ թևնոց և վզնոց` կախազարդով` Հայաստանի խորհրդանիշ նռով:
Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց վաճառող Մարինե Բարսեղյանը, որը Ֆրանսիայի առաջին տիկնոջը նվիրել է այդ զարդերը, երբ վերջինս զբոսանքի է դուրս եկել Երևանում:
Մարկոն զույգը Հայաստանում էր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում: Առաջին օրը, երբ նախագահը ելույթ է ունեցել գագաթաժողովում, նրա կինը որոշել է զբոսնել Երևանում: Նա բոլորի հետ շատ սիրալիր է եղել և չի մերժել սելֆի անելու որևէ մեկի խնդրանքը:
«Այդ օրը ես տոնավաճառի գործընկերներիս հետ առավոտից զրուցում էի Մակրոն զույգի մասին: Ասում է, թե ինչ լավն է Էմանուելը, ինչպես է նա հարգել մեր մեծն Ազանվուրի հիշատակը», - պատմեց կինը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Եվ հանկարծ տեսել է, որ իրեն ընդառաջ է գալիս Բրիջիթը՝ վառ կարմիր զգեստով: Ուրախությունից 48-ամյա Մարինեն, որը վերջերս ոտքի վիրահատություն է տարել, տեղից ցատկել է՝ մոռանալով ամեն ինչի մասին, մոտեցել Բրիջիթին, գրկել նրան և համբուրել: Նա որոշել է, որ հյուրին ոչ մի դեպքում չի կարելի ճանապարհել դատարկ ձեռքով և նրան է նվիրել ձեռագործ զարդեր՝ արծաթյա ապարանջան և վզնոց` նռով կախազարդով:
«Հիշում եմ՝ թարգմանչին ասացի, որպեսզի նրան անպայման պատմեն Հայաստանի խորհրդանիշի՝ նռան մասին: Ասացի, որ մենք նրանց շատ ենք սիրում», - խոստովանեց Բարսեղյանը:
Ամեն ինչ այնքան արագ և հախուռն է ստացվել, որ Բարսեղյանը նույնիսկ շփոթել է Բրիջիթի կողքին կանգնած թիկնապահին Մակրոնի հետ և համբուրել նրան՝ մտածելով, որ նա նախագահն է:
«Ես ուղղակի երազում էի տեսնել և համբուրել Մակրոնին: Ափսոս, չստացվեց, հաջորդ անգամ: Հուսամ, որ մի օր երազանքս կկատարի», - խոստովանեց կինը:
Այդ դեպքից հետո Մարինեին մոտեցել են երկու երիտասարդ, վերցրել հեռախոսահամարը, շնորհակալություն հայտնել: Սակայն դրանից հետո ոչ ոք կապ չի հաստատել:
Նախօրեին Մարինեին նկարելու են գնացել ֆրանսիացի լրագրողները, այնպես որ շուտով նա կարող է հայտնվել այդքան հեռու, բայց մեզ հարազատ երկրի էկրաններին:
Բարսեղյանն ավելի քան քսան տարի աշխատում է Վերնիսաժում, նա երեք երեխաների մայր է: Ավագ որդին արդեն 21 տարեկան է, կրտսեր դուստրը՝ երեքուկես տարեկան:
Ավելի վաղ Բրիջիթ Մակրոնը հայ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տպավորված է նրանով, թե ինչպես են Ֆրանկոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին դիմավորել Հայաստանում և խոստացել է կրկին գալ Հայաստան: