Թրյուդո.Կանադան պայքարում է դաժանության դեմ և հարգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Թրյուդոյի խոսքով` Կանադան 2004թ.-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և շարունակում է պայքարել զանգվածային դաժանության դեմ ամբողջ աշխարհում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Կանադան պայքարում է դաժանության դեմ ամբողջ աշխարհում և պահպանում Հայոց ցեղասպանության մասին հիշատակը: Այդ մասին հայտարարեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Կանադան վաղուց է ընդունել Հայոց ցեղասպանությունը (2004թ-ի ապրիլին՝ խմբ.): Եվ ոչ միայն այն պատճառով, որ մենք հասկանում ենք անցյալի ողբերգությունը, նաև նրա համար, որպեսզի ապագայում նման բան չկրկնվի: Կանադան չի սահմանափակվում միայն ճանաչելով, այլ կոնկրետ գործողություններ է կատարում հակամարտությունների լուծման համար: Անցյալի սխալներն ընդունելը լավ ուղի է ապագայում հաշտվելու համար», - հայտարարեց Թրյուդոն:

Արցախյան հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով. Փաշինյանը և Թրյուդոն համակարծիք են

Իր հերթին Փաշինյանը համաձայնեց Թրյուդոյի հետ և նշեց, որ Հայաստանն իր ավանդն ունի մարդկանց զանգվածային ոչնչացման դեմ համաշխարհային պայքարում: Ցավոք, նման իրադարձություններ կրկնվել են 20-րդ դարում, ավելին, դրանց սպառնալիքները չեն անհետացել 21-րդ դարում:

«Հայաստանի համար սա նաև անվտանգության խնդիր է, որովհետև, ըստ էության, մենք այսօր ունենք սպառնալիքի շատ կոնկրետ վտանգ, որովհետև Թուրքիայի հետ սահմանը փակ է, ու մենք շրջափակման մեջ ենք գտնվում: Մեր քննարկումների ժամանակ խոսեցինք նաև Լեռնային  Ղարաբաղի հարցի մասին: Շատ կարևոր է արձանագրել, թե ինչ պատճառով է, որ ծագել է Ղարաբաղի հարցը, որովհետև երբեմն տպավորություն է ստեղծվում, որ սա տարածքային խնդիր է: Դա այդպես չէ, Արցախում ապրող հայերի առաջ կանգնել է նոր ցեղասպանության սպառնալիքն, ու մարդիկ ուղղակի ցանկացել ու ցանկանում են պաշտպանել ապրելու իրենց իրավունքը: Ղարաբաղի կոնֆլիկտը ծագել է, որովհետև մարդու ապրելու իրավունքը կանգնել է կոնկրետ սպառնալիքի առաջ, որովհետև աչքի առաջ ունեցել են 1915թ.-ի ցեղասպանությունը», - ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Թրյուդոն Երևան է ժամանել ոչ միայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու, այլ նաև պաշտոնական այցով: