Բազմաթիվ երեխաների փրկած տատի հետքերով՝ Գյումրի. նորվեգացի ռեժիսորի հայկական արմատները

Հայաստանում ֆրակոնֆոնյան օրերի շրջանակներում Նորվեգիայից ժամանած պատվիրակության հետ Հայաստանում է ռեժիսոր Յուսսի Ֆլեմմինգ Բյորնը: Վերջինիս այցը Հայաստան առաջինը չէ, սակայն այս անգամ ավելի լուրջ ու նպատակային էր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Յուսսի Ֆլեմմինգ Բյորնը նորվեգացի մինսիոներ, հայ ազգի բարեկամ, ցեղասպանության ականատես և բազում որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բյորնի թոռն է: Նա մի նպատակ ունի Գյումրիում՝ գտնել հենց այն կառույցը, որը ծառայել է որպես որբանոց-հիվանդանոց:

Գյումրի կատարած այցի ժամանակ, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցերին, Յուսսի Ֆլեմմինգ Բյորնը հետաքրքիր փաստեր է ներկայացնում տատի, նրա մարդասիրական գործունեության ու իր մասին:

Նվեր ստացավ ու սելֆի արեց․ Բրիջիտ Մակրոնը զբոսնել է Երևանում․ տեսանյութ

Բոդիլ Կատարինե Բյորնը 1905 թ. Գերմանիայում, բուժքույրի մասնագիտացում ստանալուց հետո, Կանանց միսիոներական կազմակերպության կողմից ուղարկվում է Օսմանյան կայսրություն և աշխատում որպես միսիոներ-բուժքույր Խարբերդ քաղաքում, ավելի ուշ՝ Մուշում։ Այնտեղ նա ականատես է լինում 1915թ. կոտորածներին, խնամում և մահից է փրկում հարյուրավոր անօթևան երեխաների ու կանանց:

1917 թվականին Բոդիլ Բյորնը Մուշից Նորվեգիա է վերադառնում երկու տարեկան Ռաֆայել անունով մի տղայի հետ, ում, իր խոսքով, որդեգրել էր: Մկրտությունից հետո տղային կոչում են ի պատիվ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի: «Արդյունքում, այդ տղան հետագայում դառնալու էր իմ հայրը»,-նշում է Յուսսի Ֆլեմմինգ Բյորնը: Բյորնը վստահեցնում է՝ կիսով չափ հայ է: « Ես մեծացել եմ իմանալով, որ կիսով չափ հայ եմ, սակայն նաև նորվեգացի, մայրս էլ ֆինն է»:

Միսիոներուհին 1921 թվականին այցելել է նաև Ալեքսանդրապոլ, հիմնել որբանոց, զբաղվել է որբախնամ գործունեությամբ: Ալեքսանդրապոլում միսիոներուհին նաև մարդկանց բժշկություն է սովորեցնել: Քանի որ արդեն խորհրդային կարգերն էին, որտեղ արգելվում էր կրոնական ամեն ինչ, իսկ որբանոցը գործում էր հավատքի հիմքով, թույլ չեն տվել, որ մանկատունը երկար աշխատի, և Բյորնը ստիպված մեկնել է Հալեպ, որտեղ աշխատել է 9 տարի:

Դա թարգմանելու չէ. Մակրոնի փայլուն ելույթը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահպանվում են նորվեգացի միսիոներուհու մասին վկայող փաստեր ու համապատասխան փաստաթղթեր:

«Մինչև 15 տարեկանը ապրել եմ տատիկիս հետ, այնպես որ շատ լավ եմ հիշում նրան: Տատս շատ լավ կին էր, մահացել է 89 տարեկանում: Նա շատ է պատմել այն երեխաների մասին հանուն, որոնց մեկնել էր Մուշ, ապա Ալեքսանդրապոլ: Բոլորի մասին պատմել է, ասել, որ նրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ու բնավորությունն ուներ: Ամեն ինչ նա գրի է առել իր օրագրում: Հաճախ ինձ համեմատում էր այդ երեխաների հետ՝ չարության պահին, կամ երբ ես ինձ լավ էի պահում»:

Թոռը վստահեցնում է՝ ողջ կյանքում երբեք իր տատը չի մոռացել Հայաստանն ու հայերին, նույնիսկ կյանքի վերջին երեք տարիներին է փորձել որպես վկա ավելի շատ ներկայացնել այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ: «Ցանկանում եմ Գյումրիում գտնել հենց այն կառույցը, որը որպես որբանոց հիմնվել է իմ տատի կողմից: Հուսով եմ, որ անպայման կգտնեմ այդ շինությունը և կվերածենք պատմական կառույցի կամ թանգարանի: Հայաստանի արխիվից կարողացել եմ գտնել մի քանի փաստաթուղթ, որոնք հուսով եմ կպարզեն այդ կառույցի ճակատագիրը»:

Գյումրու քաղաքային իշխանությունները խոստանում են գտնել այն կառույցը կամ տարածքը, որտեղ իր մարդասիրական գործունեությունն է ծավալել Բոդիլ Կատարինե Բյորնը: