ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Երեկ լրացավ ԱԱԾ և ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը: Հիշեցնում է «Ժողովուրդ» օրաթերթը և հավելում, որ դեռևս որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Հայտնի է, որ գործի շրջանակներում նախաքննական մարմինը խուզարկություն է իրականացրել 6 տարբեր հասցեներում:
Այդ հասցեներից մեկը Yerevan.today լրատվական կայքի գրասենյակն է: «Իսկ ահա մյուս 5 հասցեները տարբեր բնակարաններ են եղել, որոնցից մեկը, ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի, եղել է ԱԱԾ-ականի բնակարան: ԱԱԾ-ականը ներկայի՞ս աշխատող է, թե՞ նախկին աշխատակից, մեզ առայժմ պարզել չհաջողվեց»,- գրում է թերթը:
Բացի այդ թերթը տեղեկություններ ունի, որ հարցաքննվել են և՛ ԱԱԾ պետ Վանեցյանը, և՛ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը։ Նրանք երկուսն էլ հերքել են իրար հետ հեռախոսազրույց ունենալու փաստը, նաև ստուգվել է նրանց հեռախոսների ելքային ու մուտքային զանգերն ու կրկին որևէ համընկնում չի հայտնաբերվել:
Sputnik Արմենիան փորձեց ԱԱԾ մամուլի ծառայությունից ճշտել` ներկա, թե՞ նախկին ԱԱԾ–ականի տուն է խուզարկության ենթարկվել, բայց մեր զանգերը մնացին անպատասխան։