«Մեր թիմը պետք է կարողանա պարտադրել սեփական խաղ». Արմեն Գյուլբուդաղյանց

Ջիբրալթարի հետ հանդիպմանը գլխավոր մարզիչը կարևորում է երկրպագուների աջակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Ջիբրալթարի հետ հեշտ մրցակցություն չի սպասվում, բայց, հարգելով մրցակցին, մեր թիմը պետք է կարողանա պարտադրել սեփական խաղն ու ապահովել արդյունքը: Այս մասին նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորընտիր գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։

Հայաստան – Ջիբրալթար. ՀՖՖ նոր ղեկավարության և նոր մարզչի առաջին «քննությունը»

«Մենք ուսումնասիրել ենք Ջիբրալթարի հավաքականի խաղը: Թիմի առավելություններից առաջնայինը նա է, որ համարյա բոլոր ֆուտբոլիստները նույն ակումբներից են ու, հետևաբար, խաղային համագործակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է: Նրանք էլ ցանկանում են տիրել նախաձեռնությանը ու ակնկալիքներ ունեն մեր հետ հանդիպումից: Հաստատ ձգտելու են արդյունքի հասնել, հակառակ դեպքում խաղից երեք օր առաջ Հայաստան չէին ժամանի»,-նշեց Գյուլբուդաղյանցը:

Երեք տարվա ընդմիջումից հետո Հայաստանի ազգային հավաքականում է հարձակվող  Յուրա Մովսիսյանը: Փորձառու ֆուտբոլիստի ներկայությունը, ըստ գլխավոր մարզչի, փոխելու է հավաքականի խաղը առջևի գծում.«Մովսիսյանի խաղադաշտ դուրս գալով ինքներդ կտեսնեք, թե ինչ փոփոխություններ կլինեն թիմային գործողություններում»,-ավելացրեց Գյուլբուդաղյանցը:

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք փոխվել հավաքականի ավագը, թիմի գլխավոր մարզիչը տվեց միանշանակ պատասխան. «Հենրիխ Մխիթարյանը մեր առաջատարն է ու մեր ավագը: Ոչ մի փոփոխություն էլ չի լինի»:

Ասուլիսի ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցը նաև մեծ նշանակություն տվեց երկրպագուների աջակցությանը.«Սա միայն մեր թիմի կամ ֆուտբոլիստների խաղը չէ: Մենք ազգ ենք ներկայացնում, ու երկրպագուների աջակցությունը շատ էական դերակատարում կարող է ունենալ յուրաքանչյուր խաղում»,- ասեց մարզիչը:

Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի խաղարկությունում անցկացնելու է ընտրական երկու հանդիպում: Առաջինը մեր մրցակիցն է լինելու Ջիբրալթարի հավաքականը։