ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանկոֆոնիայի ընդլայնումը տեղի է ունենում ընդհանուր արժեքների ու ծրագրերի հիման վրա։ Այս մասին այսօր ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ վերջին ամիսներին ադրբեջանական լրատվամիջոցները շրջանառում են OIF-ին միանալու հարցը։ Կարո՞ղ է արդյոք Ֆրանկոֆոնիան ընդլայնվել ու ինչ սկզբունքներով։
Ի պատասխան այդ հարցի Լեմուան նշեց, որ նոր անդամներին ընդունում են կախված այն բանից, արդյո՞ք այդ երկրներն ընդունում են Ֆրանկոֆոնիայի արժեքները։
«Մեր կազմակերպությունը 48 տարեկան է ու բաց է։ Մեզ միանալու համար պետք է ֆրանսերենի ամրապնդման ծրագրեր ունենալ ու համամիտ լինել Ֆրանկոֆոնիայի արժեքների հետ։ Վերջին տարիների ընթացքում մենք լավ ընդլայնվել ենք, ու հիմա ընդլայնված համագործակցությունը պետք է խորացված դարձնել», - ասաց նա։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանել են 38 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն և Շառլ Միշելը, Լիբանանի նախագահ Միշել Աունը: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: