ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր — Sputnik. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցող օտարերկրյա բարձրաստիճան հյուրերն ու նրանց տիկնայք Հայաստանից տանում են ջերմ տպավորություններ և առաջին իսկ առիթի դեպքում կվերադառնան: Այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Նա նաև նշել է, որ անչափ ուրախ է, որ Հայաստանին հաջողվել է լավ տպավորություն թողնել հյուրերի վրա:
«Ես մեր հյուրերին հրավիրել եմ կրկին այցելել Հայաստան: Նրանք սիրով ցանկություն են հայտնել վերադառնալ, որովհետև այն, ինչ զգացել են, տեսել են, կարծում եմ, դարձյալ կցանկանան տեսնել»,- ասաց նա:
Աննա Հակոբյանը հայտնել է, որ բոլոր հյուրերը մեր երկրում լավ ժամանակ են անցկացրել և տպավորված են այստեղ տեսած ու զգացած ամեն ինչից, այդ թվում` երեկ Հանրապետության հրապարակում կայացած գալլա համերգից ու հայկական խոհանոցից:
«Ես ինձ իսկապես շատ լավ եմ զգում, որ մեր երկիրն այսքան սիրելի է դառնում մեր հյուրերի համար` անկախ նրանից, թե որ երկրից են իրենք եկել, ինչ մշակույթի և ինչ մենթալիտետի կրող են»,- ասաց տիկին Հակոբյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանել են բազմաթիվ հյուրեր` աշխարհի տարբեր երկրներից։ Նրանց թվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` կնոջ` Բրիջիտ Մակրոնի հետ, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն ու Շարլ Միշելը և այլ բարձր մակարդակի պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից: