ԵՐԵՎԱՆ, 11 Հոկտեմբեր — Sputnik. Տհաճ միջադեպ է արձանագրվել այսօր Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում:
Մի քանի երիտասարդներ հարձակվել և քաշքշել են սոցիալական ցանցերում հայտնի «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Արթուր Դանիելյանին ու Նարեկ Մալյանին։
Միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերի ընթացքում։ Կադրերում երևում է, որ մոտ 20 երիտասարդներ, դժգոհ լինելով «ԱդեկվաԴ»-ի թողարկումներից մեկում հնչած որոշ մտքերից, վիրավորել և հայհոյել են հաղորդման հեղինակներին, քաշքշել նրանց, որից հետո Ոստիկանության աշխատակիցները Նարեկ Մալյանին և Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ոստիկանության Մարալիկի բաժին։
Քիչ առաջ Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվեց կապ հաստատել Նարեկ Մալյանի հետ, որը Արթուր Դանիելյանի հետ դեռ գտնվում էր ոստիկանության բաժանմունքում:
Մալյանն ասաց, որ, ըստ երևույթին՝ վկայի կարգավիճակում, բացատրություն են տվել եղելության մասին և հույս հայտնեց, որ դեպքի առթիվ կհարուցվի գործ՝ խուլիգանության և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստերով:
Նա տեղեկացրեց, որ միջադեպի հետևանքով վնասվել է նկարահանող խմբի տեխնիկան:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ Ոստիկանությունում աշխատանքներ են տարվում միջադեպի մանրամասները պարզելու համար և դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Զգուշացում. տեսանյութերում հնարավոր է լսվեն անպատշաճ արտահայտություններ
Զգուշացում. տեսանյութերում հնարավոր է լսվեն անպատշաճ արտահայտություններ
Զգուշացում. տեսանյութերում հնարավոր է լսվեն անպատշաճ արտահայտություններ
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Նարեկ Մալյանը շեշտեց, որ միջադեպի ակտիվ մասնակիցներից մեկը եղել է Մարալիկի ավագանու անդամ Ագուն Սաղաթելյանը։
Նշենք, որ Նարեկ Մալյանի հետ մեր զրույցի պահին միջադեպի մասնակից մյուս կողմից ոչ ոք դեռ Ոստիկանություն չէր հրավիրվել։