Փաշինյանն ու Մակրոնը «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմայով նամականիշ են մարել

Երևանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. գագաթնաժողովի մասնակիցներին դիմավորել է վարչապետը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբեր — Sputnik.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը և նրա ամուսինը մինչ գագաթնաժողովի պաշտոնական բացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել են Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներին:

Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդները հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդում

Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարահանման արարողություն:

Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից  մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար:

Հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:

Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի  լոգո  ընտրվել է նուռը՝ ի  նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։