Կրակոցներ Վանաձորի «Նավակ» ռեստորանի մոտ. կան հրազենային վնասվածքներ ստացած անձինք

Սանկտ Պետերբուրգ փողոցի վերջնամասում ոստիկանները հայտնաբերել են հրկիզված ավտոմեքենա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 11-ին կրակոցներ են հնչել Վանաձորում: Ինչպես Ոստիկանությունից տեղեկացրեցին Sputnik Արմենիային՝ 19:05 ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով քաղաքի եկեղեցու հարևանությամբ գործող «Նավակ» ռեստորանային համալիրի մոտից 3 հոգի տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության և Քննչական կոմիտեի համապատասխան ծառայությունների աշխատակիցներ:

Մարալիկում հարձակվել են «ԱդեկվաԴի» նկարահանող խմբի վրա. տեսանյութեր 18+

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու վիրավորների ինքնությունը:

Ըստ shamshyan.com-ի՝ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի վերջնամասում ոստիկանները հայտնաբերել են նաև ВАЗ 2107 մակնիշի 35 PM 312 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին այրված:

Կան տեղեկություններ, որ հրկիզված ավտոմեքենան կապ ունի տեղի ունեցած միջադեպի հետ:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ՝ Վանաձոր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների վիրավորներն են՝ 41-ամյա Գևորգ Նավոյանը, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ, 37-ամյա Գրիգորի Դավթյանը և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 44-ամյա Արմեն Սեդրակյանը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մինչև կրակոցները նշված անձինք «Նավակ» ռեստորանի 2-րդ հարկում մասնակցելիս են եղել սգո արարողությանը, որից հետո իջել են բակ և հնչել են կրակոցներ: